Աֆղանստանի արևելյան հատվածում շաբաթ օրը բեռնատար է շրջվել, ինչի հետևանքով զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ 10 երեխա։ Ինչպես հաղորդում է AFP-ն, այս մասին հայտնել է Լագման նահանգի իշխանությունների ներկայացուցիչը։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ տրանսպորտային միջոցը տեղափոխել է Պակիստանից հայրենադարձվող աֆղան ընտանիքների։ Զոհվածների թվում կա 10 երեխա, 5 կին և 3 տղամարդ։ Եվս 29 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։

Վթարը տեղի է ունեցել երկրի արևելքում գտնվող Ջելալաբադը մայրաքաղաք Քաբուլին կապող մայրուղու վրա։

Նահանգապետի ներկայացուցիչ Աբդուլ Մալիկ Նիազայը նշել է, որ նմանատիպ ճանապարհատրանսպորտային պատահարներն Աֆղանստանում պարբերական բնույթ են կրում։ Հիմնական պատճառներից են տասնամյակներ տևած հակամարտություններից հետո ճանապարհների վատ վիճակը, վտանգավոր վարումը և իշխանությունների կողմից թույլ վերահսկողությունը։

Վերջին տարիներին Պակիստանը խստացրել է աֆղան միգրանտների և փախստականների նկատմամբ քաղաքականությունը, ինչը հանգեցրել է մարդկանց զանգվածային վերադարձին Աֆղանստան։ Շատ ընտանիքներ վերադառնում են՝ իրենց ունեցվածքը տեղափոխելով բեռնատարներով։

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ տարեսկզբից Պակիստանից վերադարձել է շուրջ 447 400 աֆղան։

Ավելի վաղ՝ անցյալ տարվա օգոստոսին, Աֆղանստանի արևմտյան մասում ավտոբուսի և երկու այլ մեքենաների բախման հետևանքով զոհվել էր 78 մարդ, այդ թվում՝ 19 երեխա։

Source: https://news.am/hy/news/1039561