Էստոնիայի պաշտպանական ռեսուրսների դեպարտամենտի ղեկավար Անու Ռաննավեսկին կարծում է, որ ժողովրդագրական փոփոխությունների պատճառով ապագայում կանանց համար պարտադիր զինվորական ծառայության ներդրումն անխուսափելի կդառնա, հաղորդում է Yle-ն։
Vikerraadio ռադիոկայանի եթերում նա մեկնաբանել է պարտադիր զինվորական ծառայությունը երկու սեռերի վրա էլ տարածելու վերաբերյալ Պետական դատարանի նախկին նախագահ Ռայտ Մարուստեի առաջարկը։ Ռաննավեսկիի խոսքով՝ հարցն արդեն այն չէ, թե արդյոք կանայք կզորակոչվեն, այլ այն, թե երբ դա տեղի կունենա։
Նա նշել է, որ զորակոչի համար պիտանի երիտասարդների թիվն աստիճանաբար նվազում է։ Եթե 15–20 տարի առաջ Էստոնիայում տարեկան մինչև 15 հազար տղա էր ծնվում, ապա այժմ այդ թիվը հազիվ 4–5 հազար է։ Ռաննավեսկիի գնահատմամբ՝ 2040 թվականին երկրի համար դժվար կլինի կատարել գործող պաշտպանական պլանները, որոնք նախատեսում են տարեկան ավելի քան 4 հազար զորակոչիկի պատրաստում։
Միևնույն ժամանակ, գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ զորակոչիկների առողջական պահանջների նշաձողի իջեցումը խնդրի լուծում չէ, քանի որ դա լրացուցիչ բեռ կդառնա պաշտպանության ուժերի համար։
Ռայտ Մարուստեն իր հերթին նկատել է, որ ժամանակակից պաշտպանությունը ներառում է բազմաթիվ խնդիրներ, որոնք մեծ ֆիզիկական ուժ չեն պահանջում, ուստի պարտադիր ծառայությունը կարող է տարածվել նաև կանանց վրա։
Երդվյալ փաստաբան և «Կայտսելիյտ» (Կամավորական պաշտպանության լիգա) կազմակերպության անդամ Կարին Մադիսոնը կողմ է արտահայտվել այս գաղափարին, սակայն առաջարկել է վերանայել պահանջների մոտեցումը։ Նրա կարծիքով՝ պարտադիր չէ, որ բոլոր զորակոչիկները համապատասխանեն նույն ֆիզիկական նորմատիվներին, քանի որ շատերը կարող են արդյունավետորեն ներգրավվել լոգիստիկայի, բժշկության, փրկարար ծառայությունների կամ ոստիկանությանն աջակցող ոլորտներում։
2023 թվականի աշնանից «Պետական պաշտպանություն» առարկան պարտադիր է դարձել էստոնական գիմնազիաներում։ Ռաննավեսկիի կարծիքով՝ սա կօգնի երիտասարդներին, հատկապես աղջիկներին, ավելի լուրջ մտածել զինվորական ծառայություն անցնելու մասին։
Չնայած սրան՝ կամավոր հիմունքներով ժամկետային ծառայության անցնող կանանց թիվը վերջին տարիներին նվազում է։ Եթե 2021 թվականին ծառայության էր անցել 60 աղջիկ, ապա 2025 թվականին՝ ընդամենը 45։ Այդուհանդերձ, Ռաննավեսկին նշել է, որ կամավորական կանայք սովորաբար ավելի բարձր մոտիվացիա են դրսևորում, քան շատ զորակոչիկ տղամարդիկ։
Խորհրդարանի պետական պաշտպանության հանձնաժողովի անդամ, նախկին զինվորական Լեո Կուննասը կարծում է, որ ներկա փուլում Էստոնիան դեռ կարող է գոյատևել առանց կանանց պարտադիր զորակոչի։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում, եթե ժողովրդագրական իրավիճակը չբարելավվի, նման քայլը կարող է անհրաժեշտություն դառնալ։
Source: https://news.am/hy/news/1039532
World
2040 թվականին բանակում տղամարդկանց պակաս կարող է լինել. Էստոնիայում քննարկում են կանանց զորակոչելու հարցը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։