Կառավարությունը վերջին շրջանում հետևողական քաղաքականություն է իրականացնում հանրային շահի պաշտպանության և պետության իրավունքների վերականգնման ուղղությամբ՝ վերանայելով տարիներ առաջ մասնավորին տրամադրված անտառային և բնապահպանական նշանակության տարածքների իրավական կարգավիճակը։ Այդ մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և ավելացրել՝ այս գործընթացը կարևոր նշանակություն ունի Հայաստանի բնական ռեսուրսների պահպանության և պետական վերահսկողության ամրապնդման տեսանկյունից։

Շրջակա միջավայրի նախարարության, Գլխավոր դատախազության, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ պետական գերատեսչությունների համագործակցության արդյունքում միայն 2025 թվականի ընթացքում պետությանն է վերադարձվել ավելի քան 13 հազար հեկտար ընդհանուր մակերեսով անտառային և բնապահպանական հողեր։

Մասնավորապես՝ մասնավոր հատվածից վերադարձվել և «Խոսրովի անտառ» պետական արգելոցին է միացվել 5330 հեկտար տարածք, ինչը կարևոր քայլ է հատուկ պահպանվող տարածքների վերականգնման, կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական անվտանգության ապահովման ուղղությամբ։

Source: https://news.am/hy/news/1036338