Վրաստանի նախկին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին, որը 2025 թվականին հրաժարական էր տվել, դարձել է իտալական էներգետիկ Italiana Petroli ընկերության գլխավոր տնօրենն այն բանից հետո, երբ այն անցել է ադրբեջանական SOCAR հոլդինգի վերահսկողության տակ։ Այս մասին նշվել է ընկերության մամուլի պաշտոնական հաղորդագրության մեջ։

«Այս պաշտոնում Դավիթաշվիլին կղեկավարի IP-ի գործունեությունն Իտալիայում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով գործառնական գործունեության անընդհատության ապահովմանը, ազգային էներգետիկ շուկայում ընկերության դիրքերի պահպանմանն ու հետագա ամրապնդմանը, ինչպես նաև ընկերության ինտեգրմանը SOCAR-ի ավելի լայն խմբում», — նշվել է հաղորդագրության մեջ։

Դավիթաշվիլին Վրաստանի փոխվարչապետի և էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2021 թվականից։ Այդ կարգավիճակում նա համակարգում էր Թբիլիսիի և Բաքվի էներգետիկ համագործակցությունը, այդ թվում՝ ադրբեջանական գազի մատակարարումների շուրջ բանակցությունները։ Կառավարությունից հեռանալուց հետո նա դարձել է SOCAR-ի նախագահի խորհրդականը և գլխավորել Black Sea Petroleum (BSP) ընկերության դիտորդական խորհուրդը, որը հիմնադրվել է 2022 թվականին՝ Քուլևիում նավթավերամշակման գործարան կառուցելու համար։ Ինչպես ավելի վաղ գրել էր The Insider-ը, Քուլևիի գործարան է մատակարարվում ռուսական նավթ, որն այնտեղ վերամշակվում է, ապա վաճառվում Արևմուտքին՝ շրջանցելով պատժամիջոցները։

Source: https://news.am/hy/news/1035661