Քաղաքակիրթ աշխարհում պետության ադեկվատ, հավասարակշռված և նորմալ ղեկավար ունենալը շռայլություն չէ, այլ բնականոն նորմ, սակայն գործող ռեժիմը Հայաստանը վերածել է վտանգավոր փորձադաշտի՝ սեփական ճակատագրական սխալների համար, որոնց դիմաց իր արյամբ, անվտանգությամբ ու բարեկեցությամբ ստիպված է վճարել պարզ ժողովուրդը։ Այս մասին մայիսի 23-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում «Հայաստան» դաշինքի՝ բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Քաղաքական գործիչը հեգնանքով է արձագանքել քաղաքական հալածանքների մասին գործընկերների խոսքերին՝ նկատելով, որ Հայաստանի ներկայիս իրականությունում ազնիվ գործչի համար շուտով անհարմար կլինի ընտրողների առաջ, եթե նա գոնե մի քանի օր չի անցկացրել ճաղերի հետևում։ Քոչարյանն ընդգծել է, որ խոշորագույն ընդդիմադիր ուժերի ցուցակներն այսօր լեցուն են քննության տակ գտնվող, բանտերում կամ տնային կալանքի տակ հայտնված մարդկանց անուններով, և այս իրավական ամենաթողության մեջ Փաշինյանի ռեժիմն արդեն «մրցակցում» է Եկեղեցու հետ՝ զանգվածաբար ձերբակալելով հոգևորականներին։ Դաշինքի առաջնորդի ելույթի գլխավոր թեման դարձել է տնտեսության և արտաքին քաղաքականության մեջ առկա խորը ճգնաժամը։

Նախկին նախագահը հիշեցրել է աշխարհաքաղաքականության հիմնարար կանոնը. երեք միլիոնանոց բնակչություն ունեցող փոքր պետությունը ֆիզիկապես չի կարող տնտեսապես ինքնաբավ լինել, ուստի նրա մոդելը պետք է հիմնված լինի խոշոր շուկաներ երաշխավորված հասանելիություն ունենալու վրա։ Իսկ Հայաստանի համար այդպիսին հանդիսանում է ԵԱՏՄ-ն և Ռուսաստանի հսկայական շուկան, ուր արտահանվում է հայրենական գյուղմթերքի ավելի քան 90%-ը։

Ռոբերտ Քոչարյանը խստորեն դատապարտել է գործող նախարարների կաբինետի կործանարար կուրսը, որը համակարգված կերպով քանդում է հայ գյուղացիության համար կենսական նշանակություն ունեցող այս մոդելը։ Քաղաքական գործիչը մատնանշել է իրավիճակի աբսուրդայնությունը, երբ Երևանի արտաքին քաղաքականությունը կտրված է իր հիմնարար տնտեսական շահերից, իսկ իշխանությունների հիմար հակառուսական հայտարարություններն ու հրահրիչ քայլերը, ինչպիսին է Զելենսկուն հրավիրելը, բումերանգի պես հարվածում են շարքային արտահանողներին։ «Դուք ձեր տունը 4-5 տարեկան երեխային լուցկի կտա՞ք, որ խաղա։ Երբ կառավարությունն սկսում խաղալ կրակի հետ՝ այրվում է ժողովուրդը»,- փաստել է Քոչարյանը։

Նա հավաստիացրել է, որ իշխանափոխությունից հետո «Հայաստան» դաշինքը կվերականգնի դիվանագիտության հավասարակշռությունը՝ ապահովելով հրաշալի հարաբերություններ Եվրոպայի հետ և ամուր դաշնակցային կապեր Մոսկվայի հետ, որպեսզի արտաքին քաղաքականությունը իրական եկամուտ և պաշտպանվածություն բերի հողի վրա աշխատող մարդկանց։ Քոչարյանն առանձնակի շեշտադրում է արել անվտանգության հարցերի վրա՝ մերժելով իր հասցեին Փաշինյանի կեղծավոր մեղադրանքները։ Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ իր նախագահության բոլոր 10 տարիների ընթացքում ոչ մի քաղաքացի նույնիսկ չի էլ մտածել պատերազմի հնարավորության մասին, քանի որ հանրապետության անվտանգությունը հենված է եղել երեք անսասան սյուների վրա՝ մարտունակ ու արդիականացված բանակ, ուժեղ ղեկավար և հուսալի դաշնակից, ինչի շնորհիվ Բաքուն չէր համարձակվում անգամ մտածել հարձակման մասին։

Նախկին նախագահն ընդգծել է, որ արդեն երկու անգամ՝ Ղարաբաղում և Հայաստանում, գործով ապացուցել է ինքնիշխանությունը երաշխավորելու իր ունակությունը և ժողովրդի աջակցությամբ դա կանի երրորդ անգամ՝ երկրին վերադարձնելով արժանապատիվ ու տևական խաղաղություն։ Ավարտելով իր սուր ելույթը դահլիճի վանկարկումների ներքո՝ Ռոբերտ Քոչարյանը ֆրոյդյան վրիպակ է թույլ տվել՝ վարչապետին կոչելով նրա բաքվեցի պաշտոնակցի ազգանունով, և ամփոփել. «Ով քվեարկում է Փաշաեւի համար, քվեարկում է Ալիեւի համար»։ Դաշինքի առաջնորդը կոչ է արել արմավիրցիներին համախմբվել հունիսի 7-ին և քվեարկել արմատական փոփոխությունների օգտին՝ 17 համարի ներքո։

Source: https://news.am/hy/news/1037761