Մեզնից ոչ ոք անցյալում չէր էլ կարող պատկերացնել, որ Հայաստանի կառավարման ղեկին կհայտնվեն մարդիկ, ում գլխավոր նպատակը կլինի մեր սեփական ինքնության, ավանդական արժեքների ու հոգևոր հիմքերի գողությունը։ Այդ պատճառով հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները վերջին շանսն են՝ համախմբվելու և այս կործանարար աղետը կանգնեցնելու համար։ Այս մասին մայիսի 23-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Առաջ» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Սևակ Խաչատրյանը։

Ելույթ ունենալով հայրենակիցների առջև և ընդգծելով Էջմիաշնի իր արմատները՝ քաղաքական գործիչը ջերմությամբ է հիշել 2022 թվականին Արարատի մարզում մեկնարկած պայքարը, որն առաջացել էր Դիմադրության շարժման շրջանակներում։ Խաչատրյանը նշել է, որ այն ժամանակ հայրենասիրական ուժերը բացահայտ զգուշացրել են հասարակությանը, որ եթե Նիկոլ Փաշինյանը մնա երկրի ղեկին, Հայաստանին սպասվում է Արցախի ամբողջական կորուստ և նրա բնիկ բնակչության տոտալ տեղահանություն։ Նա մեծ ափսոսանքով նշել է, որ ընդդիմությանն այն ժամանակ չի հաջողվել հասնել իշխանափոխության, և ողբերգական կանխատեսումները լիովին իրականություն են դարձել կառավարող վերնախավի հանցավոր անգործության պատճառով։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ այսօր Հայաստանի գլխին նույնանման գոյաբանական սպառնալիք է կախված, քանի որ գործող ռեժիմը հանրապետությունը հետևողականորեն տանում է այն նույն կործանարար սցենարով, որն իրականացվել է Արցախի նկատմամբ։

Սևակ Խաչատրյանը ծաղրել է երկրի կառավարման ներկայիս ոճն ու տեղական իշխանությունների ներկայացուցիչների պահվածքը, որոնք ութ տարվա կառավարման ընթացքում ողջ պետական քաղաքականությունը հանգեցրել են ասֆալտապատման վրա PR անելուն և մեղքն անվերջ «նախկինների» վրա բարդելուն։ Քաղաքական գործիչը հեգնանքով ուշադրություն է հրավիրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների նախընտրական զավեշտալի միտումների վրա, երբ նշանակված մարզպետներն ու համայնքների ղեկավարները տասնյակ տղամարդկանցով խմբեր են կազմում միայն նրա համար, որպեսզի հավաքականորեն դիրքավորվեն տեսախցիկի առջև և սոցցանցերում վիրտուալ «սրտիկներ» ցույց տան։ Խաչատրյանն ընդգծել է, որ նման կեղծ ժեստերն ուղղված են հայ տղամարդու իրական ու արժանապատիվ կերպարի միտումնավոր խաթարմանը և միտվում են օտարածին օրակարգերին և հայ հասարակության ավանդական կենսակերպի քայքայմանը։

Իր խոսքի ավարտին պատգամավորության թեկնածուն ընդգծել է, որ հայկական պետականության վերջնական կազմաքանդումը թույլ չտալու միակ լեգիտիմ ճանապարհը քվեարկության օրը առավելագույն քաղաքացիական պատասխանատվություն դրսևորելն է։ Սևակ Խաչատրյանը Արմավիրի մարզի բոլոր բնակիչներին կոչ է արել թև ու թիկունք լինել միմյանց, մոբիլիզացնել իրենց ընտանիքներին, հարազատներին ու հարևաններին՝ ընտրատեղամասերում առավելագույն մասնակցություն և ձայների հաշվարկի նկատմամբ խիստ վերահսկողություն ապահովելու համար։ Քաղաքական գործիչն ամփոփել է, որ այս բախտորոշ ընտրություններում յուրաքանչյուր հայրենասերի ձայնը պետք է տրվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի 17 համարի քվեաթերթիկին։

Source: https://news.am/hy/news/1037756