Իսպանական ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել իշխող ԻՍԲԿ-ի (Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցություն) Մադրիդի գլխավոր կենտրոնակայանում։ Քննչական գործողություններն ընթանում են ֆինանսական մեքենայությունների լայնամասշտաբ հետաքննության շրջանակում, որոնցում ներքաշված են երեք նախկին բարձրաստիճան կուսակցական և մի խումբ անձինք, որոնք, ենթադրաբար, փորձել են հակաօրինական ազդեցություն ունենալ դատական և ոստիկանական հետաքննությունների ընթացքի վրա, հայտնում է AP-ն։

Այս խուզարկությունը հերթական ուժգին հարվածը հասցրեց վարչապետ Պեդրո Սանչեսի կուսակցության հեղինակությանը։ Իսպանիայի սոցիալիստներն արդեն երկար ժամանակ մեղադրանքների տարափի տակ են՝ մի շարք կոռուպցիոն սկանդալների պատճառով, որոնցում ներքաշվել են վարչապետի ամենամերձավոր վստահված անձինք, նրա կինը, եղբայրը, ինչպես նաև կուսակցության առաջնորդի պաշտոնում նրա նախորդը։

«Մենք հարգանքով ենք վերաբերվում արդարադատության համակարգին և լիովին կհամագործակցենք դատարանների հետ։ Սոցիալիստական կուսակցության դիրքորոշումն անփոփոխ է. եթե ի հայտ գան ոչ իրավաչափ վարքագծի նոր դրվագներ, մենք կգործենք նույն կոշտությամբ, ինչ միշտ»,- իրավիճակը մեկնաբանել է Սանչեսը Հռոմում մամուլի ասուլիսում։

Անձամբ Պեդրո Սանչեսը, որն Իսպանիայի կառավարությունը ղեկավարում է 2018 թվականից և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր քննադատներից մեկն է Եվրոպայում, անմիջականորեն որևէ քրեական գործով չի անցնում։

Source: https://news.am/hy/news/1038879