Երևանը կառուցապատման նման տեմպերի և ենթակառուցվածքների բացակայության պայմաններում շատ շուտով կդառնա մի վայր, որտեղ ապրելն անհնար կլինի, Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նա ընդգծել է, որ իշխանությունները պետք է հոգ տանեին համակարգված գործողությունների մասին։ «Թող լինի շինարարություն, բայց դրան զուգահեռ պետք է կառուցել ճանապարհներ, կամուրջներ, մետրո։ Այլապես Երևանը կյանքի համար անհնարին վայր կդառնա։ Հիմա մեծահարուստները ձգտում են ապրել կենտրոնում, 5 տարի հետո ամեն ինչ կանեն, որ կենտրոնում չապրեն։ Այլ երկրներն ունեն նման փորձ, մի՞թե պետք է երկու անգամ նույն գետը մտնել։ Ոչ մի տրանսպորտային հանգույց չեն կառուցել։ Պետք է շատ ուզենալ ոչինչ չանել, որպեսզի այսպես ստացվի։ Փոխարենը՝ հիանալի տուգանում են, բարձրացնում են հարկերը»,- նշել է քաղաքական գործիչը՝ հեգնանքով առաջարկելով հարկ սահմանել պարգևավճարների համար, այլ բան մտքին չի գալիս։

«Ու՞ր է գնացել 8 միլիարդ դոլարը: Պետք է առանձնահատուկ տաղանդ ունենալ, որպեսզի վատնես նման միջոցները՝ ոչինչ չանելով։ Մենք կառուցում էինք՝ գրեթե պարտք չվերցնելով։ Վերականգնեցինք աղետի գոտին՝ առանց պարտքերի մեջ մտնելու»,- հիշեցրել է Քոչարյանը՝ հավելելով, որ հետագայում իշխանությունները որպես «փրկության» միջոց կմատնանշեն «Արևմտյան Ադրբեջան» նախագծի իրականացումը։

Source: https://news.am/hy/news/1035504