Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհանը կիրակի օրը Էր Ռիադում հանդիպել է Սիրիայում և Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Թոմ Բարաքին, որտեղ կողմերը քննարկել են Սիրիայում վերջին զարգացումները և երկրում կայունության պահպանման ուղիները, հաղորդել է Սաուդյան մամուլի գործակալությունը (SPA):

Արքայազն Ֆեյսալի և Բարաքի հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի դեսպանի՝ Դամասկոսում Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ հանդիպելու հաջորդ օրը։

Սիրիայի նախագահի վկայությամբ, Բարաքի հետ քննարկել են Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև ԱՄՆ-ի և Սիրիայի միջև «տնտեսական համագործակցության ամրապնդման ուղիները»։

Սաուդյան Արաբիայի և Սիրիայի միջև հարաբերությունները բարելավվել են 2024 թվականի դեկտեմբերին երկրի նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո։

2025 թվականի սկզբին Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան Սաուդյան Արաբիան ընտրել էր որպես իր առաջին արտասահմանյան այցի ուղղություն՝ Սիրիայի նոր առաջնորդի կարգավիճակով։

2025 թվականի մայիսին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանը համոզել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին չեղարկել Սիրիայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները և նպաստել էր Թրամփի ու աշ-Շարաայի հանդիպմանը Թագավորությունում։

Source: https://news.am/hy/news/1036092