ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունների արդյունքներով կողմերը կնքել են «ֆանտաստիկ առևտրային գործարքներ», հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Այս հանդիպումից հետո Թրամփը Fox News-ի հարցազրույցում հայտնել է, որ Չինաստանը մտադիր է «հարյուր միլիարդավոր դոլարներ» ներդնել ամերիկյան ընկերություններում, որոնց ղեկավարները նրան ուղեկցել են Պեկին կատարած այցի ընթացքում։

Նախագահը նշել է, որ ԱՄՆ առաջատար գործարարների խումբը, այդ թվում՝ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը, Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը և Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը, իր հետ ժամանել են Չինաստան՝ «հարգանք արտահայտելու» և բիզնեսը զարգացնելու համար։

«Այս գործարարներն այստեղ են, որպեսզի գործարքներ կնքեն և աշխատատեղերը վերադարձնեն», — ասել է Թրամփը։

ԱՄՆ առաջնորդը հավելել է, որ նրանց հրավիրել է Սիի հետ հանդիպմանը, թեև ի սկզբանե գործարարների ներկայությունը բանակցությունների ժամանակացույցում նախատեսված չէր։

«Չինաստանը հարյուր միլիարդավոր դոլարներ է ներդնում այն մարդկանց համար, ովքեր այսօր այս սենյակում էին։ Հենց դրա համար էլ նրանք եկել էին, — հայտնել է Թրամփը։ — Այնտեղ էին գրեթե բոլոր խոշորագույն բիզնես առաջնորդները»։

Նա չինացի առաջնորդի հետ բանակցություններն անվանել է «շատ լավ» և հավելել, որ Չինաստանի պատվիրակությունը կարողացել է հարմարվել հանդիպման ձևաչափի փոփոխությանը՝ ամերիկացի ձեռնարկատերերի անսպասելի մասնակցությունից հետո։

Թրամփը նաև հայտնել է, որ Սին համաձայնել է պատվիրել Boeing-ի 200 ինքնաթիռ։ Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առևտուրը, Իրանը և տնտեսական համագործակցությունը։

«Ի՞նչ էր նա [Սի Ծինփինը] ուզում ԱՄՆ-ից։ Շատ բան, — ասել է Թրամփը, — չափազանց շատ բան՝ թվարկելու համար, բայց շատ։ Նա պատրաստվում է պատվիրել 200 ինքնաթիռ։ Դա լուրջ է։ Boeing։ 200 մեծ ինքնաթիռ։ Դա շատ աշխատատեղեր է, իսկապես շատ։ Boeing-ը ուզում էր 150, բայց ստացավ 200»։

Սիի հետ հանդիպմանը Թրամփը նրան անվանել է «մեծ առաջնորդ», իսկ ԱՄՆ և Չինաստանի հարաբերությունները՝ «ֆանտաստիկ»։

Իր հերթին, վերջինը հայտնել է, որ Չինաստանի և ԱՄՆ ընդհանուր շահերը գերազանցում են տարաձայնությունները, իսկ մեկ կողմի հաջողությունն անվանել է հնարավորություն մյուսի համար։

Սպիտակ տան ղեկավարը Պեկին էր ժամանել մայիսի 13-ին։ Սա ԱՄՆ գործող նախագահի, և մասնավորապես՝ հենց Թրամփի առաջին այցն է Չինաստան 2017 թվականի նոյեմբերից ի վեր։

Source: https://news.am/hy/news/1035720