Ավարտելով դեպի Չինաստան իր երկօրյա այցը ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղևորությունն անվանել է «անհավանական», սակայն, չնայած դրա ողջ շքեղությանը, կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, հաղորդում է NPR-ը:

Այնուամենայնիվ, Թրամփը բարձր է գնահատել ամերիկյան ընկերությունների և ֆերմերների հետ կնքված գործարար համաձայնագրերը, մինչդեռ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինն ազդարարել է չին-ամերիկյան հարաբերություններում կայունության նոր դարաշրջանի մեկնարկի մասին։

Չժուննանհայում Սի Ծինփինի հետ ճաշելուց հետո Թրամփը մեկնել է ԱՄՆ։ Սա հազվադեպ այց է եղել դեպի պեկինյան այդ համալիր, որտեղ բնակվում և աշխատում են Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները։

«Կարծում եմ, որ [այս այցը] շատ օգտակար էր։ Մենք առևտրային մի քանի ֆանտաստիկ գործարքներ կնքեցինք, որոնք ձեռնտու են երկու երկրներին էլ»,- ասել է Թրամփը՝ նստած Սի Ծինփինի կողքին՝ շքեղ զարդարված գոբելենների ֆոնին։

Իր ողջ այցի ընթացքում Թրամփը գովել է չինացի գործընկերոջը՝ նրա հասցեին արտահայտտելով ամենաջերմ խոսքերը։

Թրամփն նույնիսկ Սի Ծինփինին է հասցեագրել իր ամենադասական գովեստներից մեկը՝ նրան անվանելով «գլխավոր դերասանական կազմից»:

«Եթե դուք մեկնեիք Հոլիվուդ և Չինաստանի առաջնորդի դերի համար դերասան փնտրեիք... չեիք կարողանա գտնել նրա նման մեկին,- Fox News-ին տված հարցազրույցում Սի Ծինփինի մասին ասել է Թրամփը։ - Հաշվի առնելով նրա արտաքին տվյալները՝ գիտեք, նա բարձրահասակ է, շատ բարձրահասակ, հատկապես այս երկրի համար, քանի որ նրանք, որպես կանոն, մի փոքր ցածրահասակ են»։

Source: https://news.am/hy/news/1035905