Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հերքել է տարածված լուրերն այն մասին, թե իբր ԱՄՆ-ի հետ բանակցություններ են վարվում «Tomahawk» թևավոր հրթիռների հնարավոր ուշացումների շուրջ։ Միևնույն ժամանակ, գերատեսչությունն ընդունել է, որ արտերկրից սպառազինությունների գնման գործընթացում որոշակի ռիսկեր կան։

Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները նախազգուշացրել են Ճապոնիային 400 միավոր «Tomahawk» թևավոր հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումների մասին: Ըստ պարբերականի՝ պատճառը Մերձավոր Արևելքի ճգնաժամի հետևանքով սպառված սեփական զինամթերքի պաշարների վերականգնումն է։

«Այս ամսվա սկզբին իմ և նախարար Հեգսեթի միջև (տվյալ հարցի շուրջ - խմբ.) բանակցություններ անցկացնելու փաստ չի եղել», — մամուլի ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով հրապարակումը, հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Սինձիրո Կոիձումին:

Նա ընդգծել է, որ «Tomahawk» հրթիռների գնման պլանները դեռևս չեն փոխվել։

«Ինչ վերաբերում է «Tomahawk»-երին, ապա այս պահին 2025-ից 2027 ֆինանսական տարիների ընթացքում դրանք ձեռք բերելու ծրագրում որևէ փոփոխություն չկա: Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել ԱՄՆ-ի հետ և աշխատել պատշաճ գնումներ ապահովելու ուղղությամբ», — ասել է նախարարը:

Միևնույն ժամանակ, Կոիձումին ընդունել է, որ արտասահմանյան մատակարարումներից կախվածությունը ռիսկեր է պարունակում պաշտպանական գնումների համար: Նախարարը հավելել է, որ նման ուշացումների դեպքում Ճապոնիան պետք է ձգտի, որ դրանք չազդեն երկրի պաշտպանունակության վրա, այդ թվում՝ սպառազինության կիրառման եղանակների ճշգրտման հաշվին։ Նրա խոսքով՝ հենց այս հանգամանքով է պայմանավորված այն, որ Տոկիոն հրատապ է համարում պաշտպանական արդյունաբերության սեփական բազայի ամրապնդումը։

Source: https://news.am/hy/news/1038363