Ուկրաինայում ընթացող պատերազմի կապակցությամբ Եվրամիությունը 2026 թվականի ապրիլի 23-ին նոր միջոցներ է ձեռնարկել Ռուսաստանի և Բելառուսի դեմ՝ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շրջանակում, ասված է Շվեյցարիայի կառավարության հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ 115 ֆիզիկական անձ, ընկերություն և կազմակերպություն ենթարկվել են ակտիվների սառեցման և դրանց տրամադրման արգելքի։ Այդ անձանց նկատմամբ նաև Շվեյցարիա մուտք գործելու և տարանցիկ անցման արգելք է կիրառվել։ Նոր պատժամիջոցների տակ հայտնված անձանց և կազմակերպությունների թվում հիմնականում ներկայացուցիչներ կամ կառույցներ են, որոնք առնչվում են ռուսական ռազմարդյունաբերական համալիրի կամ ռուսական էներգետիկ հատվածի հետ, ինչպես նաև անձինք, որոնք առնչություն ունեն ուկրաինացի երեխաների տեղահանման և գաղափարական մշակման հետ։

Սակայն այս պահին Շվեյցարիան ձեռնպահ է մնում երրորդ երկրների յոթ ընկերություններ իր պատժամիջոցների ցանկում ներառելուց։ Օպերատիվ միջոցառումները երաշխավորում են, որ պատժամիջոցները չեն շրջանցվի։

Առևտրի ոլորտում արտահանման հսկողության ավելի խիստ միջոցներ են սահմանվել 60 նոր, ներառյալ՝ երրորդ երկրներում գործող ընկերությունների նկատմամբ։ Այդ միջոցառման նպատակն է կանխել կրիտիկական նշանակության ապրանքների մատակարարումը Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիր։

Շվեյցարիան միաժամանակ միանում է ԵՄ մյուս միջոցներին, որոնք ուղղված են ռուսական «ստվերային նավատորմի» գործունեության խափանմանը։ Նոր արգելքներ են սահմանվել 46 նոր նավերի գնման, վաճառքի և սպասարկման նկատմամբ, ինչպես նաև, ԵՄ քաղաքականությանը համահունչ, հանվել են գործող արգելքները տասնմեկ նավերի նկատմամբ։ Բացի դրանից, գործարքների արգելքի տակ են հայտնվել ռուսական երկու նավահանգիստ և երրորդ երկրի մեկ նավահանգիստ, որոնք օգտագործվում են ռուսական նավթամթերքների բեռնման համար։

Նախատեսված են բացառություններ, որոնք համանման են ԵՄ-ում գործողներին։

Ռուսական քսան բանկերի և երրորդ երկրների յոթ ֆինանսական միջնորդների նկատմամբ ևս գործարքների իրականացման արգելք է սահմանվել, քանի որ նրանք խաթարում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նպատակը։ Բացի դրանից, 2026 թվականի մայիսի 26-ից կարգելվի մասնակցությունը ռուսական RUBx կրիպտոարժույթով և թվային ռուբլով գործարքներին։

ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը ներառում է մի շարք լրացուցիչ միջոցներ ֆինանսական, էներգետիկ և առևտրային ոլորտներում։

Source: https://news.am/hy/news/1037624