Հայաստանը, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), արտոնություններ է ստացել փաթեթով։ Երևանի՝ ԵՄ անցնելու դեպքում դրանցից զրկելը արդարացի կլիներ, լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է ТАСС-ը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելիս «կային որոշակի պայմանավորվածություններ, որոնք արտահայտվում էին միանգամայն կոնկրետ արտոնություններով, որոնք տրվում էին Հայաստանին փաթեթով»։

«ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցությունն անհնար է, հարց է առաջանում այդ փաթեթային պայմանավորվածությունների վերաբերյալ։ Միանգամայն արդարացի է այն ժամանակ մեր կողմից բարձրացնել հարցը. «Եթե դուք չեք ցանկանում Ռուսաստանի հետ լինել միության մեջ, ապա ինչո՞ւ եք ակնկալում ստանալ այն արտոնությունները, որոնք տալիս է ձեզ Ռուսաստանի հետ միությունը»։ Այսքանը։ Ամեն ինչ միանգամայն ազնիվ է»,- եզրափակել է Օվերչուկը։

«Եթե նրանք ուզում են լինել ինչպես Եվրոպայում, նշանակում է՝ նրանց մոտ գներն էլ պետք է լինեն այնպես, ինչպես Եվրոպայում»,- հավելել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Ինչպես նշել է Օվերչուկը, առայժմ Մոսկվան չի արձանագրել Երևանի արձագանքը եվրասիական թեմայով վերջին հաղորդագրություններին, «բայց այնտեղ ինչ-որ արտահայտություններ եղել են»։ «Այնտեղ որոշակի ազդանշաններ կային, ըստ որոնց չի կարելի խզել [գործընկերությունը]։ Բայց, կներեք, պայմանավորվածությունները՝ դրանք բոլորը պետք է համալիր դիտարկվեն»,- նշել է նա։

«Նրանք [Հայաստանի ղեկավարությունը] դա (ԵԱՏՄ-ին անդամակցելու օգուտը - խմբ.) հասկանում են և այժմ չեն շտապում դուրս գալ,- նշել է փոխվարչապետը։ - Բայց միևնույն ժամանակ այն քաղաքական կուրսը, որը նրանք հայտարարել են, հակասության մեջ է մտնում ԵԱՏՄ հիմնական նպատակների հետ»։

«Եվ ինչ-որ մի պահի նրանք հակասության մեջ կմտնեն, եթե շարունակեն այդ կուրսը, թե՛ նորմատիվ-իրավական կարգավորման, թե՛ ԵԱՏՄ իրավական դաշտի հետ,- արձանագրել է նա։ - Դա այնպիսի նուրբ պահ է, որն անհրաժեշտ է վերահսկել։ Մենք դա անում ենք»։

Նրա բնորոշմամբ՝ Ռուսաստանը չի մնում դիտորդի դերում ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու շուրջ ստեղծված իրավիճակում, այլ Երևանին հստակ ազդանշաններ է հղում։

«Մենք հղում ենք որոշակի ազդանշաններ։ Եվ այդ ազդանշանները շատ լուրջ են,- նշել է նա։ Օվերչուկը նաև նկատել է. Մենք վաղուց նրանց հետ վարել ենք այս քննարկումները, շատ անկեղծորեն։ Հասկանալի է, որ դա ամեն ինչ տեղի էր ունենում փակ ռեժիմով։ Նրանք այդ ամենը գիտեն, շատ լավ հասկանում են։ Բայց շարունակում են անել [քայլեր, որոնք բացառում են Հայաստանը ԵԱՏՄ-ից]»։

«Նորից կրկնեմ, ոչ ոք չի ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Մենք հաստատ դա չենք ուզում»,- նշել է նա։

Միևնույն ժամանակ, արձանագրել է նա, Երևանի քաղաքական կուրսն ուղղված է հենց այդ կողմ։ Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանը ներկա պահին հավատարիմ է ԵԱՏՄ գծով իր պարտավորություններին։

«Այս պահին մենք չենք արձանագրել դեպքեր, երբ այնտեղ [Հայաստանում] գործի որևէ կարգավորում, որը հակասում է ԵԱՏՄ իրավունքին,- նկատել է փոխվարչապետը։ - Անցյալ տարի եղել է մեկ այդպիսի դեպք, բայց մենք հրավիրեցինք մեր գործընկերների ուշադրությունը դրա վրա, և նրանք անմիջապես ուղղեցին»։

«Նրանք կատարում են իրենց պարտավորությունները ԵԱՏՄ շրջանակում։ Նրանք հասկանում են, որ ԵԱՏՄ-ն իրենց համար շատ շահավետ է»,- ընդգծել է Օվերչուկը և հիշեցրել միությանն անդամակցելու 10 տարիների ընթացքում հանրապետությունում կենսամակարդակի եռակի աճի մասին։

Ընդ որում, երեք միլիոնանոց Հայաստանի առևտրի ծավալը ԵԱՏՄ երկրների հետ գրեթե կրկնակի ավելի է, քան երեք անգամ ավելի մեծ բնակչություն ունեցող Ադրբեջանինը։

Source: https://news.am/hy/news/1038887