ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շփումների հաճախականությունը կախված է հիմնական հարցերում առաջընթացից, սակայն առայժմ այդ հարցում խնդիրներ կան։ Երկրների միջև հարաբերությունների առաջխաղացման գործում բարդություններ կան, լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նախարարն ու պետքարտուղարը՝ իրենց կարգավիճակի և դիրքի բերումով, քննարկում են ամենախոշոր, կարևորագույն ու առանցքային հարցերը։ Դրանց քննարկման հաճախականությունը կախված է նաև նրանից՝ մենք առաջ շարժվո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Առաջընթացի հարցում վիճակը ծանր է, դժվար։ Բայց կա նաև հակառակ կախվածությունը․ առաջընթացը շփումների ածանցյալն է։ Այստեղ գոյություն ունի մեկի և մյուսի հավասարակշռություն։

Կարծում եմ՝ պետք չէ ինչ-որ թաքնված իմաստներ փնտրել նրանում, որ շփումները տեղի են ունենում այս կամ այն հաճախականությամբ։ Միևնույն է, միմյանց ազդակներ փոխանցելու հնարավորություն կա։ Կարևորն այն է, որ գործն առաջ գնա։ Իսկ այս հարցում խնդիրներ կան»,- նշել է փոխնախարարը։

Լավրովի և Ռուբիոյի վերջին հեռախոսազրույցը կայացել է մայիսի 5-ին։ Այդ ժամանակ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջազգային հարցեր, ռուս-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև երկկողմ շփումների ժամանակացույցը։

Source: https://news.am/hy/news/1035895