Ռուսական լրատվամիջոցները անուշադրության չմատնեցին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան կատարած «կարճատև այցը»՝ նշելով, որ ամերիկացի քաղաքական գործիչը բառացիորեն մեկ ժամով թռավ Երևան և անգամ չլքեց «Զվարթնոց» օդանավակայանի տարածքը։
Ինչպես գրում է «Կոմերսանտը», հանդիպումն ամեն իմաստով ուշագրավ էր։ Մարկո Ռուբիոն կնոջ հետ բառացիորեն մեկ ժամով թռավ Երևան և անգամ դուրս չեկավ մայրաքաղաքի «Զվարթնոց» օդանավակայանից․ պարոն Միրզոյանի հետ կեսժամյա զրույցը տեղի է ունեցել օդանավակայանի նախագահական սրահում։ Եվս քիչ ժամանակ է ծախսվել լրագրողների հետ զրույցի վրա, որից հետո Ռուբիոն հեռացել է։
«...Փետրվարի վերջից, երբ Իրանում սկսվեց ամերիկա-իսրայելական գործողությունը, ԱՄՆ-ի հետաքրքրությունը «Թրամփի ուղի» նախագծի նկատմամբ, առնվազն հրապարակայնորեն, նկատելիորեն նվազել է։ Մարտին դրա մասին դժգոհել էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը. ԱՄՆ վարչակազմի համար «TRIPP-ը առաջնահերթությունների շարքում չէ» և «մեծ է հավանականությունը, որ դա կազդի գործընթացի վրա ժամանակային համատեքստում»,— հայտարարել էր նա ճեպազրույցներից մեկի ժամանակ։
Մեկ ամիս անց ՀՀ վարչապետը այլ գնահատական էր տվել․ «Չնայած մեր մտահոգություններին և անհանգստություններին՝ մենք ԱՄՆ-ից ամենաբարձր մակարդակով հավաստիացումներ ենք ստացել, որ նախագիծը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ ԱՄՆ-ի համար առաջնահերթություն»։ Երեքշաբթի Երևանում բարձր մակարդակով տեղի ունեցած հրապարակային քննարկումները, թեև դրանք կազմակերպվել էին անսպասելի և կարծես հրատապ կարգով, հաստատեցին դա։
Սակայն Հայաստանի կառավարության համար ամենակարևոր խոսքերը հնչեցին հենց վերջում՝ Մարկո Ռուբիոյի կողմից։ Պետքարտուղարը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները «ճանապարհ են հարթում երկրի համար ավելի լուսավոր, ավելի անկախ ապագայի»։
«Եվ մենք ուրախ ենք արտահայտել մեր աջակցությունը այդ տեսլականին, այդ համարձակությանը, ձեր նվիրվածությանը և ձեր երկրի ապագայի համար պատրաստակամությանը։ Մենք ուրախ և հպարտ ենք լինելու այս ամենի մի մասը և պատրաստ ենք միասին անել ավելին»,— եզրափակեց պետքարտուղարը՝ միանշանակ ցույց տալով, թե առաջիկա հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում ԱՄՆ-ն ում է աջակցում։
Սա անսպասելի չէր․ դեռ փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Երևան այցի ընթացքում, հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը «անկասկած արժանի է աջակցության», քանի որ ի վիճակի է «կառուցել երկարաժամկետ գործընկերություն»։
Խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանն ու նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ստացել էին եվրոպացի առաջնորդների աջակցությունը, որոնք մայիսի սկզբին այցելել էին Երևան։ Այժմ էլ՝ քվեարկությունից պակաս, քան երկու շաբաթ առաջ,— դա ամրապնդվեց ԱՄՆ-ի կողմից ուշադրության և հավանության հերթական նշանով։
Սա ակնհայտորեն հակադրվում է Երևանի և Մոսկվայի հարաբերություններում աճող լարվածությանը, թեև հայկական կողմը նախընտրում է դա չդրամատիզացնել։ Ինչպես հայտարարել է Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Մոսկվայից հնչած հայտարարություններն ու ՌԴ որոշ հայկական ապրանքների ներմուծումն արգելելու որոշումները, նման խնդիրներ երկրների միջև առաջացել են տարբեր ժամանակներում և կապված չեն կառավարության «պրոեվրոպական կամ պրոարևմտյան կուրսի» հետ»։
«Իզվեստիան» նշում է, որ «հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ստանալ Արևմուտքի աջակցությունը։ ԵՄ առաջնորդներից հետո ավելի քան 10 տարվա մեջ առաջին անգամ Երևան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարը. Մարկո Ռուբիոն հանրապետության հետ ստորագրել է երեք առանցքային պայմանագիր։ Վաշինգտոնը ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ Մոսկվայի և Երևանի հարաբերությունների սառեցման պայմաններում։ Ռուբիոյի հետ հանդիպման պատճառով Փաշինյանը բաց կթողի Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը։ Հայաստանը նաև սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Բացի այդ, կասեցվել են երկկողմ շփումները խորհրդարանական գծով»։
«ՌԴ-ի և Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացումը կախված կլինի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից»,— նշել է ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող Վադիմ Մուխանովը։ Նրա խոսքով՝ եթե Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանա մեծամասնություն, ապա պետք է սպասել Մոսկվայի և Երևանի հարաբերությունների վատթարացման։
...Միաժամանակ հարկ է նշել, որ Մոսկվան երբեք դեմ չի արտահայտվել Հայաստանի՝ Եվրամիություն մտնելու ձգտմանը՝ միայն մատնանշելով ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու անհրաժեշտությունը։ Հանրապետության ներկայիս իշխող էլիտան առայժմ փորձում է միաժամանակ երկու ուղղությամբ շարժվել՝ հասկանալով, որ մոտ ժամանակում միանալ Եվրամիությանը հաստատ չի հաջողվի։ Սակայն ԵՄ-ի հետ մերձեցումից հետո Հայաստանը կարող է սկսել նաև ՆԱՏՕ-ի հետ սիրախաղ անել, ինչը արդեն լուրջ սպառնալիքներ կստեղծի անվտանգության համար»,— նշվում է հրապարակման մեջ։
«Իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ երևանյան օդանավակայանի սրահներից մեկում կայացած կարճ հանդիպման ընթացքում Ռուբիոն նրա հետ ստորագրել է երեք փաստաթուղթ, որոնք ուղղված են ամերիկա-հայկական համագործակցության խորացմանը։ Նրանք պարաֆագրել են TRIPP («Թրամփի ուղի») նախագծի շրջանակում ռազմավարական գործընկերության մասին շրջանակային համաձայնագիրը և հանքանյութերի ու հազվագյուտ օգտակար հանածոների մատակարարումների ապահովման վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև ստորագրել են երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության տեքստում խոսվում է երկու երկրների մտադրության մասին՝ զարգացնել պաշտպանական համագործակցությունը, այդ թվում՝ Երևանի կողմից ամերիկյան ռազմական արտադրանքի գնումները, ինչպես նաև «պաշտպանական խորհրդակցությունները»»,- գրում են «Վեդոմոստիները»։
Հրատարակության հետ զրույցում «Ինդուստրիալ կոդ» հիմնադրամի կառավարչի խորհրդական Մաքսիմ Շապոշնիկովը նշել է, որ Հայաստանում հազվագյուտ հողային մետաղների պաշարները հստակ արտահայտված չեն, և այդ հարցով լուրջ ուսումնասիրություններ չեն իրականացվել։ «Նա իրավիճակը համեմատում է Թրամփի վարչակազմի և Ուկրաինայի միջև 2025 թ. ռեսուրսային գործարքի հետ, երբ հազվագյուտ հողային մետաղների մշակման անվան տակ ԱՄՆ վերահսկողությանն էր հանձնվում ամբողջ լեռնահանքային արդյունաբերությունը։ Այս ուղղությամբ ԱՄՆ-ին հետաքրքրում են Հայաստանի ոսկու և մոլիբդենի հանքաքարերը։ Այսպիսով, Վաշինգտոնը փորձում է սահմանափակել Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի հնարավորությունները՝ այդ ռեսուրսներին հասանելիություն ստանալու հարցում։ Բացի այդ, այս գործարքը ամերիկացիների համար կդառնա տարածաշրջանում իրենց ակտիվ ներկայությունը պահպանելու ևս մեկ պատճառ։ Ինչ վերաբերում է հազվագյուտ հողային մետաղների հարցում կազմակերպչական կողմերին, ապա երկրաբանական հետախուզման համար անհրաժեշտ է երկու-երեք տարի, որից հետո մինչև երկու տարի կպահանջվի ձեռնարկությունների նախագծման հիմնավորման համար և մոտ չորս-հինգ տարի՝ արդյունահանման օբյեկտների կառուցման համար։ «Պետք է հիշել, որ խնդիրը ոչ թե հազվագյուտ հողային մետաղների արդյունահանումն է, այլ դրանց վերամշակումը։ Ամերիկացիները կարող են իրենց թույլ տալ ինքնուրույն վերամշակել մինչև 7000 տոննա։ Հետևաբար, հենց հազվագյուտ հողային մետաղների հարցում Հայաստանի հետ գործարքը փաստացի քիչ բան է օգնում ԱՄՆ-ին։ Ամերիկա-հայկական հարաբերությունների ներկայիս ջերմացման հիմքում ավելի շատ քաղաքական բնույթ կա»,— ընդգծել է Շապոշնիկովը։ Նրա խոսքով՝ ամերիկյան բիզնեսի համար եկամտի ավելի իրական աղբյուրներ կարող են դառնալ Հայաստանի ոսկու և մոլիբդենի հանքավայրերը։
«Ռուբիոյի այցը Հայաստան ԱՄՆ-ի խորհրդանշական ժեստն է՝ ուղղված Երևանի նկատմամբ քաղաքական աջակցություն ցուցաբերելուն՝ Մոսկվայի հետ նրա հարաբերությունների բարդացման ֆոնին»,— ասում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ԱՄՆ և Կանադայի ուսումնասիրությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Պավել Կոշկինը։ Նրա կարծիքով՝ սա ազդակ է Ռուսաստանին՝ որպես նախազգուշացում և հիշեցում, որ Վաշինգտոնը մտադիր չէ հեռանալ հետխորհրդային տարածքից և շարունակելու է ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում։
«Թեև գործող ամերիկյան նախագահը վերսկսել է Մոսկվայի հետ երկխոսությունը Ուկրաինայի հարցով, նա չի հրաժարվել զսպման քաղաքականությունից։ Այնուամենայնիվ, սա ամենևին չի հակասում ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությանը, որտեղ Ռուսաստանը կոչվում է սպառնալիք, որի հետ կարելի է և պետք է բանակցել։ Սակայն էությունը չի փոխվում»,— ընդգծել է Կոշկինը։
Source: https://news.am/hy/news/1038857
Armenia
Ռուսական լրատվամիջոցները Ռուբիոյի Հայաստան այցի մասին․ Ռուբիոն կնոջ հետ բառացիորեն մեկ ժամով թռավ Երևան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։