Թրամփի ուղին խաղաղության ճանապարհ է բացում Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 26–ին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Երևանում՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ «Զվարթնոց» օդանավակայանում անցկացված համատեղ ճեպազրույցի ժամանակ։ Ճեպազրույցին նախորդել է TRIPP նախագծի, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման ոլորտներում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրումը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նա նշել է, որ իր համար պատիվ է ստորագրել TRIPP նախագծի շրջանակում ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը, և դա պատմական ևս մեկ քայլ է։ Հայաստանի և տարածաշրջանի համար սա խաղաղության ճանապարհ է։

Նրա խոսքով՝ համագործակցությունը դրանով չի սահմանափակվում, առաջնահերթ խնդիրը երկու ժողովուրդների բարօրության համար հարաբերությունների զարգացումն է։ Այդ նպատակով ստորագրվել է կարևորագույն օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման մասին փաստաթուղթ։ Ռուբիոյի խոսքով՝ 21-րդ դարում այս ոլորտը ապահովում է տնտեսական անկախություն և նոր տեխնոլոգիաների հասանելիություն։ Մենք պատրաստ ենք միասին աշխատել, որպեսզի Հայաստանը և ԱՄՆ-ի տնտեսությունները վստահելի հասանելիություն ունենան օգտակար հանածոներին, հավելել է պետքարտուղարը։

Նրա խոսքով՝ հայկական թիմի գործունեությունը Հայաստանի համար դեպի ավելի լավ ապագա տանող ճանապարհ է բացում։ «Մենք ուրախ ենք աջակցել դրան և պատրաստ ենք աշխատել հանուն ապագայի։ Հպարտ ենք լինել դրա մի մասը և պատրաստ ենք միասին անել ավելին»,- խոստացել է Ռուբիոն։

Source: https://news.am/hy/news/1038526