Գործող ռեժիմն իր ութ տարվա կառավարման ընթացքում ոչ միայն կործանեց Ալավերդու արդյունաբերական խոշորագույն հսկան՝ պղնձաձուլական գործարանը՝ հազարավոր ընտանիքների թողնելով առանց աշխատանքի, այլև իր այսպես կոչված սահմանազատման արդյունքում սահմանն անմիջականորեն մոտեցրեց Լոռուն՝ տարածաշրջանը դարձնելով խոցելի։ Այս մասին մայիսի 26-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Կարապետյանն իր խորին հարգանքն է հայտնել Ալավերդու բնակիչներին՝ նրանց բնութագրելով որպես ազգային ամուր արժեքներ կրող մարդկանց։ Նա ցավով փաստել է, որ Փաշինյանի կառավարման տարիներին քաղաքն ամբողջությամբ զրկվել է իր հզոր արդյունաբերական ներուժից. չի գործում նույնիսկ հանրահայտ ճոպանուղին, իսկ տեղական իշխանությունները հիշել ու կոսմետիկ նորոգումներ են նախաձեռնել միայն ընդդիմության հնչեցրած հրապարակային քննադատությունից հետո։ Նա հարց է բարձրացրել՝ թե ընդհանրապես ի՞նչը կարող է դրդել տեղի բնակիչներին կրկին քվեարկել մի թիմի օգտին, որը կործանել է կեսդարյա պատմություն ունեցող գործարանը, փակում է գյուղական դպրոցներն ու ուժով պաշտոնանկ անում ժողովրդի կողմից ընտրված համայնքապետերին։ Կարապետյանն ընդգծել է, որ Ալավերդին հսկայական պոտենցիալ ունի՝ գյուղատնտեսությունից ու զբոսաշրջությունից մինչև հզոր ինժեներական գաղափարներ, սակայն առանց արդյունաբերության ու ենթակառուցվածքների վերականգնման՝ տարածաշրջանը կարող է վերածվել անմարդաբնակ ու լքված ծայրամասի։
Նարեկ Կարապետյանը քաղաքացիների հատուկ ուշադրությունն է հրավիրել անվտանգային այն գոյաբանական սպառնալիքների վրա, որոնք բխում են իշխանությունների կողմից իրականացվող «թույլ խաղաղության» հայեցակարգից։ Նա հիշեցրել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, որտեղ վերջինս ուղղակիորեն հռչակել էր, թե հայկական հողեր է վերադառնալու ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Նարեկ Կարապետյանը նշել է, որ Փաշինյանն առանց որևէ միջազգային երաշխիքի համաձայնում է զիջումների, և եթե վաղը երկրում սկսեն զանգվածաբար ադրբեջանցիներ բնակեցվել, վարչապետը պարզապես դուրս կգա ամբիոնի մոտ ու ցինիկաբար կհայտարարի, թե մի քանի հազար մարդու պատճառով չարժե փչացնել հարևանների հետ հարաբերությունները։ Ընդդիմադիր գործիչն ընդգծել է, որ Լոռու մարզն արդեն իսկ գտնվում է նոր դե ֆակտո սահմանից ընդամենը 10-15 կիլոմետր հեռավորության վրա, և այս փաստը պետք է ստիպի տարածաշրջանի յուրաքանչյուր բնակչի ցուցաբերել առավելագույն տոկունություն ու զգոնություն։
Նա ընտրողներին կոչ է արել գիտակցել պատմական պատասխանատվության ողջ լրջությունը և մոբիլիզացնել բոլոր ծանոթներին՝ ընտրություններին մասնակցելու համար։ Կարապետյանը նախագուշացրել է, որ յուրաքանչյուր ոք, ով բոյկոտում է ընտրությունները, իր քվեն ավտոմատ կերպով տալիս է Փաշինյանին՝ նրան կատարյալ գործողությունների ազատություն տալով այս կործանարար ընթացքը ևս 5 տարով շարունակելու համար։ Նարեկ Կարապետյանը հաստատակամորեն խոստացել է, որ իշխանափոխության դեպքում արդեն երկուսից չորս տարի անց Ալավերդիում կմեկնարկի նոր ու ժամանակակից գործարանի խոշոր շինարարությունը, ինչը մարդկանց կապահովի կայուն եկամտով, կվերականգնի զբոսաշրջային մեծ հոսքը և հնարավորություն կտա հայերին մնալ սեփական հայրենի հողի տերը։
Source: https://news.am/hy/news/1038533
Armenia
Խաղաղությունը լինելու է ժողովուրդ, որովհետեւ էս մարդը ինչ կա արդեն տվել է. Նարեկ Կարապետյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։