Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Ռեֆորմիստների կուսակցությունն այս պահին բացառում է որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը։ Այս մասին մայիսի 14-ին նախընտրական քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։
Կուսակցության վարչապետի թեկնածու, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն իր հերթին հիշեցրել է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում նրանք արդեն այցելել են Երևանի երեք վարչական շրջան։ Նրանք շուտով կայցել են նաև մարզեր։
Նա նշել է, որ հանդիպումների ժամանակ քաղաքացիներին հուզող հիմնական հարցերն առնչվում են անվտանգությանը: Հենց այս թեմային է նվիրված նաև իրենց կուսակցության կարգախոսը՝ «Անվտանգություն և զարգացում»: Մյուս հարցը, որի շուրջ քաղաքացիներն անհանգստություն են հայտնում, սոցիալական խնդիրներն են:
«Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել 65 տարեկանից բարձր անձանց տրամադրել անվճար բժշկական օգնություն: Սա շատ դրական քայլ է, քանի որ կան ոլորտներ, որոնք ապահովում են պետության կայունությունն ու զարգացումը՝ բանակը, առողջապահությունը և կրթությունը: Երբ ունենում ես առողջ քաղաքացի, հաղթում ես նաև տնտեսապես: Ամենակարևորը պատրաստված, կրթված ու գրագետ երիտասարդություն ունենալն է, քանի որ հենց նրանք են կերտելու մեր ապագան»,- ասել է Հարությունյանը։
Նրա խոսքով՝ անվճար բժշկական օգնությունը դրական քայլ է։ Այնուամենայնիվ, նույնիսկ այստեղ ամեն ինչ հարթ չէ։ «Ես բազմիցս լսել եմ, որ մարդիկ հերթ են զբաղեցնում առավոտյան արդեն ժամը 06:00-ից։ Նրանք գալիս են հիվանդանոցներ, իսկ բժիշկներրն այլևս չեն դիմանում նման ծանրաբեռնվածությանը։ Այսինքն՝ կրկին առաջացել է խնդիր, որը լուծում է պահանջում։ Սակայն դրա համար անհրաժեշտ են համապատասխան ռեսուրսներ»,- ընդգծել է Վաղարշակ Հարությունյանը։
Նրա կարծիքով՝ դիմողների աճող հոսքը սպասարկելու համար բժիշկների քանակաը բավարար չէ։ Եվ սա այն դեպքում, երբ աշխատանքի ծավալն իրականում ավելացել է։
Source: https://news.am/hy/news/1035419
Հայաստան
Ռեֆորմիստների կուսակցությունը բացառում է Հայաստանի որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։