Ես ուրախ եմ բանակի համար ռազմական տեխնիկայի ցանկացած նոր ձեռքբերման համար, և մայիսի 28-ի շքերթին ցուցադրվեց այնպիսի սպառազինություն, որը ձեռք է բերվել ու դժվարություններով արտահանվել իմ՝ պաշտպանության նախարարի պաշտոնում գտնվելու ժամանակահատվածում, սակայն շատ բան այդպես էլ չներկայացվեց։ Այս մասին հունիսի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

Նա չի կարողացել գնահատական տալ, թե որքանով է ցուցադրված սպառազինությունը պատրաստ կիրառման, քանի որ իր համար շատ բան նոր է։ «Ուրախացնում է անօդաչու թռչող սարքերի բազմազանությունը, բայց դրանց վերաբերյալ գնահատականը հնարավոր է տալ միայն գործի մեջ տեսնելուց հետո։ Որոշակի ուղղություններով ես չէի անի այն, ինչ արվում է, իսկ մյուսներով՝ ավելին կանեի»,- նշել է Տոնոյանը։

Նա չի ցանկացել գնահատական տալ Հայաստանի զինված ուժերի նոր զինանշանին՝ պարզաբանելով, որ «ճաշակին ընկեր չկա»։

Նախկին նախարարը չի համաձայնել այն տեսակետին, թե նոր բանակը ստեղծվել է փլատակների վրա։ Նշենք, որ նման կարծիք ավելի վաղ հայտնել էր արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է երկրում այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

«Այսօրվա զինվորականները, ովքեր գեներալական կոչումներ են ստացել, կրթություն են ստացել և վերապատրաստվել իմ պաշտոնավարման ընթացքում։ Ինչպե՞ս կարող եմ դա փլատակ անվանել։ Իսկ այն երիտասարդները, ովքեր իրենց կյանքը տվեցին… Ինչպե՞ս կարող եմ գնահատական տալ «փլատակի» տրամաբանությամբ»,- ընդգծել է Տոնոյանը։

Նա հրաժարվել է մեկնաբանել նախընտրական քարոզարշավի ընթացքում արված այն հայտարարությունները, որոնք, իր գնահատմամբ, անցնում են բոլոր «կարմիր գծերը»։ Նախկին նախարարը պարզաբանել է, որ մինչև 44-օրյա պատերազմն ընկած ժամանակահատվածում ինքն ու Հայաստանի վարչապետը ուղիղ կապի մեջ են եղել իրենց ռուս գործընկերների հետ։

Դավիթ Տոնոյանը «հետաքրքիր» է անվանել պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայտարարություններն այն մասին, թե Տոնոյանը խոսել է ՀԱՊԿ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին։ «Ինչո՞ւ հենց հիմա բացվեցին այս թեմաները»,- հարցրել է նա։

Source: https://news.am/hy/news/1039986