Ամենից վատ բանը փոքր պետության համար այն է, երբ դու անում ես քայլեր և չես մտածում այդ քայլերի հետևանքների մասին։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այն, ինչ անում է այսօր Նիկոլ Փաշինյանը, Սաակաշվիլու կրկնօրինակն է։ Նա էլ էր անընդհատ քայլեր անում, հրահրում էր պրոբլեմներ Ռուսաստանի հետ և փորձում էր Արևմուտքում աջակցություն փնտրել։ Սա մի քաղաքականություն է, որը ես ուղղակի մերժում եմ։ Իմ մոդելը հետևյալն է՝ մի մխրճվիր խոշոր երկրների բախման պրոբլեմների մեջ, մի հայտնվիր այդտեղ։ Փորձիր համագործակցություն փնտրել այդ երկրների հետ այն դաշտում, որտեղ իրենք կարող են համագործակցել: Մի խաղա մեծ երկրների տարաձայնությունների վրա՝ փորձելով ինչ-որ բան փնտրել կամ այստեղ, կամ այնտեղ։ Մենք միշտ այդպես ենք արել։

Այսօր Հայաստանի վարչապետը փորձում է միշտ հակասությունների վրա խաղալ։ Մենք նաև ներքաղաքական կյանքում ենք դա տեսնում, միշտ փորձում է վիճակը լարել և այդ լարված իրավիճակում, ենթադրում եմ՝ ինքը իրեն ավելի լավ է զգում։ Միգուցե դա մարդու բիոքիմիայի հարց է, բայց արտաքին հարաբերություններում սա չափազանց վտանգավոր է և գինը տալու է մեր ժողովուրդը։ Այսօր գինը ժողովուրդն է տալիս։

Ինչո՞ւ հրատապ էր Լիտվայի հետ հենց հիմա այդ բանը ստորագրելը, կամ այդպիսի հրատապություն կար Զելենսկին գա այստեղ ր այդ հայտարարությունները անի՞։ Ինքը ուր գնում է այդ հայտարարությունները անում է, կանխատեսելի էր չէ՞։ Չի եղել մի տեղ, որ Զելենսկին գնա և հակառուսական այլանդակ կոշտ հայտարարություններ չանի։ Դու գիտեիր դրա մասին, դու կարող էիր իրեն ասել՝ լավ է չգաս, կամ, եթե եկել ես, մի բան եմ խնդրում, մենք բարեկամ երկիր ենք, մեր տարածքից այդպիսի հայտարարություններ մի արա։

Ու դու մտածում ես, որ Ռուսաստանի պոտենցիալ ունեցող երկիրը այս հարցերի վերաբերյալ համբերությունը անվերջ է ցուցադրելո՞ւ։ Ռուսաստանը համեմատիր մեծ գնացքի հետ, թափը հավաքում է, բայց հետո էլ չի կանգնում, մենք Ուկրաինայում դա տեսանք»,–ասաց նա։

Source: https://news.am/hy/news/1039547