Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին հիշեցրել է, որ հենց ինքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դեռևս 2020 թվականի սեպտեմբերին հանրապետության բանակն անվանել էր տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։

Նա այսպես է արձագանքել Պետրոս Ղազարյանի հետևյալ դիտարկմանը. «Պարոն Քոչարյան, 2005 և 2007 թվականներին Միջազգային ճգնաժամային խումբը զգուշացնում էր, որ Ադրբեջանը տեխնոլոգիապես, սպառազինությամբ և տնտեսությամբ առաջ է անցել, բալանսը խախտված է, և պատերազմը, նույնիսկ բանակցությունների պարագայում, անխուսափելի է։ Հեղինակավոր միջազգային կառույցները Ձեզ զգուշացնում էին»։

«Ես չգիտեմ՝ ինչ խումբ է դա ասել, բայց հեղինակավոր մասնագետներն ասում էին հետևյալը՝ Հայաստանի Հանրապետության բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է»,- նշել է Քոչարյանը։

Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարում էր նույնիսկ 2020 թվականի սեպտեմբերին։

Հայաստանի բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է։

Դեռ մի հատ էլ 72 «Մարտական խաչ» տվեց ու ևս մեկ «Ազգային հերոս»։ Հիշեցնե՞մ։ Չհիշեցի՞ք։

2020 թվականի սեպտեմբեր։ Եթե 2020 թվականի սեպտեմբերին դա տարածաշրջանի ամենամարտունակ բանակն էր, 2008 թվականին թո՞ւյլ էր, հետո ուժեղացա՞վ, թե՞ ոնց»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Source: https://news.am/hy/news/1039544