Վարչապետ Բենիամին Նեթանյահուն վստահված անձանց հետ մասնավոր զրույցներում հայտարարել է, որ Իսրայելը գործնականում ի վիճակի չէ ազդել Դոնալդ Թրամփի կողմից Իրանի վերաբերյալ որոշումների ընդունման վրա, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իսրայելցի երկու պաշտոնյաների։
Տեղեկությունը հայտնվել է այն ֆոնին, որ ամերիկա-իսրայելական համատեղ ռմբակոծություններից հետո Իսրայելը մեծապես դուրս է մնացել պատերազմի դադարեցման վերաբերյալ նախնական համաձայնության ձեռքբերման բանակցություններից։
Միաժամանակ ԱՄՆ-ն և Իրանը նվազեցնում են բանակցություններում մոտ ժամանակում բեկման հավանականությունը։ Կողմերը դեռևս տարակարծիք են Իրանի միջուկային ծրագրի, Թեհրանի՝ պատժամիջոցների վերացման պահանջների և Լիբանանի դեմ Իսրայելի պատերազմի հարցերում։
Նեթանյահուն պահանջում է Իսրայելի համար պահպանել բոլոր ուղղություններով, ներառյալ Լիբանանում, ենթադրյալ սպառնալիքների դեմ գործողությունները շարունակելու իրավունքը։ Այս պայմանը կարող է տապալել համաձայնագիրը, եթե Իրանը պնդի Լիբանանի հարավում իսրայելական ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վրա։
Նեթանյահուի փակ քննարկումներին մասնակցած իսրայելցի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ իսրայելական առաջնորդը մտահոգություն է հայտնել փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ։
Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ համաձայնագիրը ենթադրում է, որ ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման վերացման դիմաց Իրանը կբացի Հորմուզի նեղուցը։ Դրանից հետո պետք է սկսվեն միջուկային հարցերի շուրջ հետագա բանակցությունները։
Իրանական աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ բարձր հարստացված ուրանի պաշարների շուրջ վեճը կարգավորելու համար կարող են նաև «իրատեսական բանաձևեր» առաջանալ։
Չնայած այն բանին, որ համաձայնագիրը առայժմ ուղղակիորեն չի լուծում Իրանի միջուկային ծրագրի և ուրանի պաշարների վերաբերյալ Իսրայելի մտահոգությունները, Նեթանյահուն ընդունում է, որ Իսրայելն «այժմ մանևրելու հնարավորություն չունի՝ ԱՄՆ նախագահի վրա ազդելու համար», հայտնել է իսրայելցի պաշտոնյան։
Նեթանյահուի գրասենյակը չի պատասխանել Reuters-ի մեկնաբանության հարցմանը։
Անցած շաբաթվա ընթացքում Թրամփն ու Նեթանյահուն առնվազն երեք անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Այդ ընթացքում, իսրայելցի պաշտոնյաների խոսքով, Իսրայելը պատրաստվում էր ԱՄՆ-ի հետ Իրանի դեմ համատեղ ավիահարվածների հնարավոր վերսկսմանը (այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքների դեմ)։
Երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած առաջին զրույցից հետո լրագրողները հարցրել են Թրամփին, թե նա ինչ է ասել Նեթանյահուին։ «Նա շատ լավ մարդ է, նա կանի ամեն ինչ, ինչ ես ուզեմ», — հայտարարել է Թրամփը։
Այնուհետև առաջնորդները նորից զրուցել են ուրբաթ երեկոյան։ Շաբաթ օրը՝ Թրամփի և Պարսից ծոցի երկրների, Թուրքիայի ու Պակիստանի առաջնորդների համատեղ հեռախոսազանգից հետո, որի ընթացքում քննարկվել է Իրանի հետ բանակցությունների ընթացքը, Թրամփն ու Նեթանյահուն անցկացրել են իրենց երրորդ խոսակցությունը։
Այս զանգից հետո Նեթանյահուն, ով մինչ այդ հրապարակավ չէր մեկնաբանել Իրանի հետ հնարավոր համաձայնագիրը, հայտարարել է, որ ինքն ու Թրամփը քննարկել են «Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը և Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնագրի առաջիկա բանակցությունները»։
Նեթանյահուն նաև հայտնել է, որ իրենք «համաձայնության են եկել Թրամփի հետ. ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է նախատեսի իրանական ուրանի հարստացման օբյեկտների ապամոնտաժում և հարստացված միջուկային նյութի դուրսբերում Իրանի տարածքից»։
Բացի այդ, նրա խոսքով, Թրամփը «վերահաստատել է բոլոր ուղղություններից, այդ թվում՝ Լիբանանից եկող սպառնալիքներից պաշտպանվելու Իսրայելի իրավունքը»։
Ընտրություններից առաջ Նեթանյահուի վրա գործադրվող ճնշումը
Համաձայնագրի ի հայտ գալը տեղի է ունենում Նեթանյահուի համար չափազանց զգայուն պահի՝ համապետական ընտրությունների նախաշեմին, որոնցում նա, ըստ կանխատեսումների, կարող է պարտվել։ Ընդդիմախոսները քննադատում են նրան պատերազմի հայտարարված նպատակներին հասնելու անկարողության համար։
Source: https://news.am/hy/news/1038203
World
Նեթանյահուն խոստովանել է, որ Իսրայելը գրեթե չի ազդում Իրանի հարցով Թրամփի որոշումների վրա․ Reuters
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։