Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Շմուել Բեն Էզրային նշանակել է ազգային անվտանգության նոր խորհրդական և Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար, հայտնում է Times of Israel-ը։

Ինչպես հայտնում է վարչապետի գրասենյակը, Բեն Էզրան երկրի պաշտպանության և անվտանգության ոլորտում ունի ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ։ Պաշտոնական հայտարարության մեջ ընդգծվում է, որ նա «ղեկավարել է «Arrow 3» հակահրթիռային համակարգի որսացող հրթիռի նախագծի մշակումը և Իսրայելի պաշտպանության մրցանակի դափնեկիր է»։

Բեն Էզրան այս պաշտոնում կփոխարինի Գիլ Ռայխին, որը ազգային անվտանգության խորհրդականի պարտականությունները կատարում էր իր նախորդի՝ Ցախի Հանեգբիի հրաժարականից հետո։ Վերջինս պաշտոնից ազատվել էր հոկտեմբերին՝ Գազայի պատերազմի ընթացքում քաղաքականության հարցերի շուրջ վարչապետի հետ ունեցած տարաձայնությունների մասին հաղորդումների ֆոնին։

Source: https://news.am/hy/news/1039823