ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ներկայացրած դիմումը՝ քննարկման առարկա դարձնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հնարավոր պատասխանատվության միջոցների հարցը և դիմել իրավասու մարմիններին՝ քարոզչության ընթացքում հնչեցված արտահայտություններին իրավական գնահատական տալու համար։

«․․․Հնչեցված բառապաշարը թեև նախընտրական քարոզչության շրջանակներում զսպվածության, քաղաքական կոռեկտության համատեքստում չէ, այնուամենայնիվ, չի առաջացնում «հոգեբանական, ֆիզիկական, կրոնական հարկադրանքի մեթոդների կամ բռնության կոչերի, բռնության կիրառման սպառնալիքների կամ ցանկացած այլ տեսակի հարկադրանքի» ընկալում»,- կարծում է ԿԸՀ-ն։

Ուստի հանձնաժողովը նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտում այստեղ չի տեսնում։

Նշենք, որ Վարդևանյանը դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող համակարգային խախտումները վտանգում են ընտրական գործընթացի լեգիտիմությունը՝ ձևավորելով քաղաքական մրցակցության անհավասար պայմաններ։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ներկայումս ՀՀ վարչապետի կողմից իրականացվող նախընտրական քարոզչությունը դուրս է եկել քաղաքական բանավեճի և կարծիքի ազատ արտահայտման իրավական սահմաններից։ Վերջինիս հրապարակային ելույթներում տեղ են գտել քաղաքական տարբեր ուժերմ, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը վարկաբեկող, հանրային թշնամանք հրահրող և կուսակցության ղեկավար անձանց արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ»,- նշված է Վարդևանյանի ներկայացրած դիմումում։

Առանձնացված են նաև Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթներից տարբեր դրվագներ, որոնցում նա Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժերն անվանում է «պատերազմի եռագլուխ կուսակցություն», օգտագործում «հանցավոր մաֆիա», «քրեաօլիգարխիկ ռեժիմ», «դուրս են եկել վերջին մարտի՝ իշխանությունը խլելու» արտահայտությունները։

Վարդևանյանի ներկայացրած դիմումում շեշտվում է, որ նշված արտահայտությունները միանշանակ միտված են ընտրողների շրջանում բացասական էմոցիաների, վախի, ատելության և ագրեսիայի հրահրմանը՝ այլ քաղաքական ուժերի, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նկատմամբ։

Վարդևանյանը դիմումում մեջբերել է նաև Փաշինյանի ելույթներից մեկը, որում նա հայտարարում էր, թե «․․․ չոքցնելու եմ, սատկացնելու եմ․․․ Կալուգացուն էլ եմ կզցնելու, սատկացնելու եմ, չոքացնելու եմ․․․» և այլն։

ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։

Source: https://news.am/hy/news/1038368