Վարչապետի խորհրդական, Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ-Անսարին հերքել է այն տեղեկությունը, թե Դոհան իբր 12 միլիարդ դոլար է առաջարկել Թեհրանին՝ Վաշինգտոնի հետ հակամարտության կարգավորման համաձայնագիր կնքելու համար։
«Լուրերը, թե Կատարի Պետությունը 12 միլիարդ դոլար է առաջարկել Իրանին՝ համաձայնության հասնելն ապահովելու համար, չեն համապատասխանում իրականությանը։ Դրանք տարածվում են այն կողմերի կողմից, որոնք փորձում են տապալել [ԱՄՆ-ի և Իրանի միջև] գործարքը և ձախողել տարածաշրջանում լարվածության թուլացմանն ու կայունության ամրապնդմանն ուղղված դիվանագիտական ջանքերը»,- գրել է նա X-ում։
Ավելի վաղ Լոնդոնում գործող «Iran International» հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրին, պնդել էր, որ Իրանը՝ որպես ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու նախապայման, պահանջել է անհապաղ ապասառեցնել Կատարի հաշվեհամարներում գտնվող իր 12 միլիարդ դոլարի ակտիվները։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ այս գումարը պետք է լիներ միայն առաջին տրանշը պատժամիջոցների փուլային չեղարկման գործընթացում։ Հետագայում սոցիալական ցանցերում այս պահանջները վերափոխվեցին այնպիսի պնդումների, թե Կատարը պատրաստ է Թեհրանին վճարել սեփական միջոցներից։
Երկուշաբթի օրը Իրանի պատվիրակությունը՝ Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, ժամանել է Դոհա՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի շուրջ Կատարի կառավարության ղեկավար և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Ինչպես հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին, պատվիրակության կազմում Դոհա է մեկնել նաև Իրանի Կենտրոնական բանկի նախագահը՝ հնարավոր գործարքի շրջանակում իրանական ակտիվների ապասառեցման հարցը քննարկելու համար։
Source: https://news.am/hy/news/1038352
World
Կատարը հերքել է ԱՄՆ-ի հետ գործարքի համար Իրանին 12 մլրդ դոլար առաջարկելու լուրերը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։