Կանադան սկզբունքային համաձայնության է հասել Գերմանիա հեղուկացված բնական գազի արտահանման վերաբերյալ՝ Խաղաղ օվկիանոսի ափին նախատեսվող իր տերմինալից։ Դրա մասին հայտնում է AP-ն՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրին։

Աղբյուրի տվյալներով՝ համաձայնագիրը կստորագրվի կանադական կողմի և գերմանական պետական էներգետիկ SEFE (Securing Energy for Europe) ընկերության միջև։ Մատակարարումներն իրականացվելու են Բրիտանական Կոլումբիայի ափին նախագծվող Ksi Lisims արտահանման համալիրից։

Մատակարարումների ծավալը կկազմի տարեկան մինչև 1 միլիոն մետրիկ տոննա հեղուկ բնական գազ։

Կանադայի համար այս պայմանագիրը չափազանց կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Կանադայի նոր վարչապետ Մարկ Քարնին ավելի վաղ հավակնոտ նպատակ էր դրել՝ առաջիկա տասնամյակի ընթացքում կրկնապատկել ԱՄՆ-ից դուրս գտնվող երկրների հետ առևտրի ծավալը։ Այսօր Կանադան, լինելով նավթագազային հարուստ տերություն, իր էներգետիկ արտահանման գրեթե ամբողջ ծավալն ուղղում է բացառապես ամերիկյան շուկա։

Բրիտանական Կոլումբիա նահանգի վարչապետ Դևիդ Էբին նշել է, որ Գերմանիայի հետ պայմանագիրը կատալիզատոր կդառնա Ksi Lisims նախագծի հետևում կանգնած կոնսորցիումի համար։ Դա ներդրողներին հնարավորություն կտա վերջնական ներդրումային որոշում ընդունել՝ 10 միլիարդ կանադական դոլար (մոտ 7,2 միլիարդ ԱՄՆ դոլար) ընդհանուր արժողությամբ գործարանի և արտահանման տերմինալի կառուցման վերաբերյալ։

Գազի գնորդը՝ գերմանական SEFE ընկերությունը, այսօր Գերմանիայի առաջատար պետական էներգետիկ ձեռնարկությունն է։ Դա ռուսական «Գազպրոմի» (Gazprom Germania) նախկին դուստր կառույցն է, որն ԳԴՀ կառավարությունը լիովին ազգայնացրել է 2022 թվականին։

Գերմանիան երկարաժամկետ պայմանագրերի սուր կարիք ունի։ Մինչև 2022 թվականը Բեռլինը կրիտիկականորեն կախված էր Ռուսաստանից ստացվող էժան խողովակաշարային գազից։ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց և ՌԴ-ից մատակարարումների դադարեցումից հետո Եվրոպան բախվեց էներգետիկ ծանրագույն ճգնաժամի, որն այժմ սրվում է Մերձավոր Արևելքում նոր պատերազմով։

Կանադական հեղուկ բնական գազը կոչված է փոխարինելու պակասող ծավալները, նվազեցնելու ռեկորդային գնաճը և կանխելու էներգատար գերմանական գործարանների փակումը։

Source: https://news.am/hy/news/1038936