Էբոլա վիրուսի տարածման գոտիներից Կանադա ժամանող ճանապարհորդները պարտավոր կլինեն 21-օրյա ինքնամեկուսացում անցնել, իսկ մի շարք երկրներից ներգաղթի դիմումների դիտարկումը ժամանակավորապես կկասեցվի, հայտնում է Associated Press-ը։

Կանադայի հանրային առողջապահության գործակալության տվյալներով՝ այս միջոցները ձեռնարկվում են առավելագույն զգուշավորությունից ելնելով և ուժի մեջ կլինեն մինչև օգոստոսի 29-ը։

Հիվանդության ախտանիշներ ունեցող ուղևորները կուղարկվեն հիվանդանոցներ՝ լրացուցիչ հետազոտման համար։ Իսկ այն անձանց, որոնք ինքնուրույն մեկուսանալու հնարավորություն չունեն, կտրամադրվի մեկուսացման հատուկ վայր։

Կառավարությունը նաև հայտարարել է, որ 90 օրով կասեցնում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Հարավային Սուդանի և Ուգանդայի քաղաքացիների ներգաղթի դիմումների վերաբերյալ վերջնական որոշումների կայացումը։ Այս ժամկետը կարող է երկարաձգվել կամ կրճատվել՝ կախված համաճարակային իրավիճակի զարգացումից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ Կոնգոյի հյուսիս-արևելքում Էբոլայի բռնկումն առաջացել է վիրուսի հազվադեպ տեսակից և տարածվում է ավելի արագ, քան առողջապահական ծառայությունները հասցնում են արձագանքել։ Մայիսի 25-ին ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ Էբոլայով վարակման հավանական դեպքերի թիվն անցել է 900-ը, որոնցից 101-ը հաստատվել է լաբորատոր եղանակով։

Source: https://news.am/hy/news/1038685