Չինաստանի իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Ինչպես հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, խաղաղության վերականգնման հույսը դեռ պահպանվում է։
«Չինաստանը մշտապես ջանքեր է գործադրում ներկայիս հակամարտությունը հարթելու համար,- երեքշաբթի Նյու Յորքում լրագրողների հետ հանդիպմանն ասել է չինացի դիվանագետը, որի խոսքերը մեջբերում է Չինաստանի ԱԳՆ կայքը։- Ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հանգուցային նշանակություն ունեն»։
Վան Ին հստակեցրել է, որ տարիների պատմություն ունեցող տարաձայնությունները «հնարավոր չէ հարթել մեկ օրում», սակայն «բանակցություններում յուրաքանչյուր քայլ ավելի մեծ հույս է ներշնչում խաղաղության հասնելու համար»։ Նա նաև նշել է, որ որքան շուտ ավարտվի հակամարտությունը, այնքան քիչ կլինեն խաղաղ բնակչության շրջանում զոհերը։
Չինաստանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կձգտեն հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման, քայլեր կանեն միմյանց ընդառաջ և «որքան հնարավոր է շուտ խաղաղություն կվերադարձնեն Մերձավոր Արևելքին»։ Նրա խոսքով՝ Չինաստանի իշխանությունները կապի մեջ են հակամարտության հետ առնչություն ունեցող հիմնական կողմերի, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային գլխավոր գործընկերների հետ։
«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է հարգել տարածաշրջանի պետությունների ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը, ապահովել խաղաղ բնակչության և ոչ ռազմական օբյեկտների պաշտպանությունը, ծովային ուղիների ու էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունը, ինչպես նաև միջուկային զենքի չտարածման համակարգի դրույթների պահպանումը»,- ընդգծել է Վան Ին։
Source: https://news.am/hy/news/1038715
World
Չինաստանը ջանքեր է գործադրում ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը կարգավորելու համար․ Վան Ի
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։