ԱՄՆ նախկին առաջին տիկին Ջիլ Բայդենը հայտարարել է, որ 2024 թվականին իր ամուսնու՝ նախկին նախագահ Ջո Բայդենի հեռուստաբանավեճի ձախողված ելույթի ժամանակ ինքը վախեցել է, որ նա կարող է ուղեղի կաթված տանել:

«Ես վախեցած էի, որովհետև նախկինում երբեք Ջոյին այդպիսին չէի տեսել՝ ո՛չ դրանից առաջ, ո՛չ էլ հետո»,- CBS News Sunday Morning ծրագրին տված հարցազրույցում ասել է Ջիլ Բայդենը:

Ըստ նրա՝ Բայդենի ելույթը հեռուստաբանավեճում իրեն մահու չափ վախեցրել է։ Նա խոստովանել է, որ այդ շրջանում ԱՄՆ նախագահը ֆիզիկապես «դանդաղում էր», թեև դրա հետ մեկտեղ, ինչպես պնդում է նախկին առաջին տիկինը, ինքը ճանաչողական ունակությունների վատթարացման նշաններ չի նկատել։

Խոսքը 2024 թվականի հունիսի 27-ին Ջո Բայդենի և հանրապետականների այն ժամանակվա թեկնածու Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցած հեռուստաբանավեճի մասին է։ Բայդենի ելույթը լուրջ տագնապ էր առաջացրել դեմոկրատների շրջանում. նախագահը խոսում էր խռպոտ ձայնով, խճճվում էր պատասխաններում, կորցնում էր մտքի թելը և դժվարությամբ ձևակերպում դիրքորոշումները։

Առանձնահատուկ լայն արձագանք ստացավ այն պահը, երբ Բայդենը հարկերի և պետական պարտքի մասին պատասխանելիս անսպասելիորեն ավարտեց միտքը հետևյալ խոսքերով. «Լսե՛ք, երբ մենք վերջապես հաղթեցինք Medicare-ին»:

Այդ պահին Բայդենը 81 տարեկան էր։ Նրա շտաբը թույլ ելույթը բացատրում էր մրսածությամբ և բանավեճից առաջ ուղևորությունների ծանր ժամանակացույցով։

Չնայած ներքին մտավախություններին՝ բանավեճից անմիջապես հետո Ջիլ Բայդենը հրապարակայնորեն աջակցեց ամուսնուն՝ կողմնակիցների առաջ հայտարարելով. «Ջո՛, դու հիանալի հաղթահարեցիր: Դու պատասխանեցիր յուրաքանչյուր հարցի, դու գիտեիր բոլոր փաստերը»։ Ավելի ուշ ամուսիններն այցելեցին Waffle House ռեստորան, որտեղ Բայդենը լրագրողներին ասաց. «Կարծում եմ՝ մենք լավ հանդես եկանք»։

Բանավեճից հետո Բայդենների ընտանիքը հավաքվեց Քեմփ Դեյվիդում և, ըստ CBS News-ի տվյալների, սկզբնապես նախագահին կոչ էր անում շարունակել պայքարը վերընտրվելու համար։ Սակայն Դեմոկրատական կուսակցության ներսում ճնշումը կտրուկ ուժեղացավ։

2024 թվականի հուլիսի 21-ին Բայդենը պաշտոնապես հանեց իր թեկնածությունն ընտրություններից և որպես դեմոկրատների նոր թեկնածու աջակցեց փոխնախագահ Քամալա Հարիսին։

Source: https://news.am/hy/news/1039232