Թուրքիայի հատուկ նշանակության ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել՝ թույլ չտալու համար որ քաղաքացիները հավաքվեն երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցության պաշտոնանկ արված առաջնորդի ելույթին, հայտնում է AP-ն։
Օզգյուր Օզելը և Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) բարձրագույն ղեկավարությունը պաշտոններից հեռացվել էին անցյալ հինգշաբթի՝ դատարանի վճռով, որը երկրում շատերը համարում են քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։
Օզելը ծրագրել էր երեքշաբթի ելույթ ունենալ կողմնակիցների առջև թուրքական արևմտյան Իզմիր քաղաքում, սակայն դեպի քաղաքային Ջումհուրիեթ (Հանրապետության) հրապարակ ուղևորվող մարդիկ պարզել են, որ իրենց ճանապարհը փակված է պողպատե արգելապատնեշներով և ոստիկանական պատնեշներով։
Ընդդիմադիր Halk TV հեռուստաալիքը ցուցադրել է կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են ջրցան մեքենաներից ջրում հրապարակ հասնելու փորձ անող միջին տարիքի մարդկանցից բաղկացած ամբոխին։ Տեղական լրատվամիջոցները հաղորդել են նաև ոստիկանության կողմից պղպեղի գազի կիրառման մասին։
Քաղաքական ճգնաժամը սկսվել էր անցյալ շաբաթ, երբ Անկարայի վերաքննիչ դատարանը չեղյալ էր հայտարարել 2023 թվականի կուսակցական համագումարի արդյունքները, որի ընթացքում Օզելն ընտրվել էր ԺՀԿ-ի առաջնորդ։ Դատարանի որոշմամբ նրան փոխարինել էին իր նախորդով՝ Քեմալ Քըլըչդարօղլուով, ինչը զայրույթի ալիք էր առաջացրել կուսակցության կողմնակիցների շրջանում։
51-ամյա Օզելը, որը փոխարինել էր 77-ամյա Քըլըչդարօղլուին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ նրա՝ շատ առումներով անարդյունավետ դիմակայության 13 տավանից հետո, երեքշաբթի Քըլըչդարօղլուին կոչ է արել անցկացնելու նոր ներկուսակցական ընտրություններ։
«Մի՛ պառակտեք կուսակցությունը, մի՛ կասեցրեք իշխանության հասնելու մեր երթը,- հայտարարել է Օզելը։- Եկեք հարցնենք մեր երկու միլիոն անդամների կարծիքը։ Ում էլ որ նրանք ընտրեն՝ եկեք անհապաղ համագումար անցկացնենք»։
Դատական գործընթացը, որի հիմքում ընկած էին համագումարի քվեարկության ընթացքում խախտումների մասին հայտարարությունները, գործող նախագահի քննադատները դիտարկում են որպես ԺՀԿ-ի դեմ հերթական իրավական հարձակում, որի ընթացքում ընտրված պաշտոնյաների և կուսակցության շարքային անդամների ամբողջական խմբեր նախկինում հայտնվել են ճաղերի հետևում։
Դատական վճռի հրապարակումից հետո Օզելը և նրա կողմնակիցները բարիկադավորվել էին Անկարայում ԺՀԿ-ի կենտրոնակայանում։ Կիրակի ոստիկանությունը գրոհով վերցրեց շենքը՝ կիրառելով ռետինե փամփուշտներ և պղպեղի սփրեյ, ինչը հանգեցրեց պաշարման կոշտ ավարտին։
Օզելը, որը խոստացել էր պայքարը տեղափոխել փողոցներ, Իզմիր ժամանելուն պես հայտարարեց, որ «կգնա այնտեղ, որտեղ իրեն մարդիկ են սպասում»։ Ավելի ուշ նրան, այնուամենայնիվ, հաջողվեց ժամանել Ջումհուրիեթ հրապարակ, որից հետո նա ոտքով քայլեց դեպի մեկ այլ մոտակա հրապարակ, որտեղ ելույթ ունեցավ իրեն ողջունող հազարավոր կողմնակիցների առջև։
Բախումները Իզմիրում՝ Թուրքիայի մեծությամբ երրորդ քաղաքում և աշխարհիկ ընդդիմության ավանդական հենակետում, տեղի ունեցան Կուրբան Բայրամի (Իդ ալ-Ադհա) տոնի առթիվ պաշտոնական պետական հանգստյան օրերի մեկնարկից մեկ օր առաջ, թեև շատ քաղաքացիներ երկուշաբթիի և երեքշաբթիի համար ևս արձակուրդ էին վերցրել։
Տոնի առթիվ հեռուստատեսային իր շնորհավորական ուղերձում Էրդողանը հույս հայտնեց, որ այս օրերը կդառնան «սրտերը փափկացնելու, գժտվածների հաշտեցման և անցյալի վիրավորանքները կարգավորելու առիթ»։
Ըստ հասարակական կարծիքի վերջին հարցումների մեծ մասի՝ ԺՀԿ-ի վարկանիշներն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ / AKP) հետ նույն մակարդակի վրա են։ Եվ թեև հաջորդ համընդհանուր ընտրությունները պետք է տեղի ունենան միայն 2028 թվականին, շատ վերլուծաբաններ ակնկալում են, որ Էրդողանը կփորձի գնալ արտահերթ ընտրությունների։
2024 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Օզելը լուրջ հարված հասցրեց ԱԶԿ-ին՝ ամրապնդելով ընդդիմության դիրքերը առանցքային քաղաքներում, որոնք իշխող կուսակցությունից ետ էին նվաճվել դեռ հինգ տարի առաջ, մասնավորապես Ստամբուլում և Անկարայում։
ԺՀԿ-ից Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն համարվում էր Էրդողանի (որը Թուրքիան կառավարում է 2003 թվականից) ամենահավանական մրցակիցը առաջիկա նախագահական ընտրություններում։ Սակայն անցյալ տարվա մարտից նա կալանքի տակ է, որտեղ նրա դեմ քննվում է միանգամից մի քանի քրեական գործ, որոնցով նրան կարող է սպառնալ տասնամյակների բանտարկություն։
Շատ դիտորդներ համակարծիք են, որ ԺՀԿ-ի ներկայացուցիչների դեմ քրեական գործերը, որոնք հիմնականում կապված են կոռուպցիոն մեղադրանքների հետ, ուղղված են կուսակցության լիակատար չեզոքացմանը։ Իր հերթին, կառավարությունը պնդում է, որ թուրքական դատարաններն անաչառ են և գործում են անկախ որևէ քաղաքական ճնշումից։
Source: https://news.am/hy/news/1038641
World
Իզմիրում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ընդդիմության պաշտոնանկ արված առաջնորդի ելույթից առաջ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։