Իսրայելի զինվորականները խախտել են Դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվենցիան՝ զրկելով «Սումուդ» միջազգային նավատորմի (ֆլոտիլիայի) գործողություններին մասնակցելու համար ձերբակալված կանադացիներին հյուպատոսական ծառայություններից օգտվելու հնարավորությունից։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը։

«Ես նշել եմ, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում Կանադայի քաղաքացիներին հյուպատոսական ծառայությունների հասանելիությունից զրկելը խախտում է Վիեննայի կոնվենցիան»,- գրել է նա X սոցիալական ցանցում իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ ունեցած զրույցի արդյունքներով։

Անանդը հավելել է, որ կանադական կողմը ներկայացրել է ձերբակալվածների նկատմամբ անընդունելի վերաբերմունքի բոլոր ապացույցները և պահանջել անկախ հետաքննություն անցկացնել: Անցյալ շաբաթ նախարարը հայտարարել էր, որ տեղեկություններ է ստացել ձերբակալված կանադացիների հանդեպ «սարսափելի վերաբերմունքի» մասին, և նշել էր, որ նրանք արդեն լքել են Իսրայելը։

Մայիսի 19-ի երեկոյան Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել է, որ դեպի Գազայի հատվածի ափեր ուղևորվող «Սումուդ» հերթական նավատորմի բոլոր նավերը կալանվել են և ընդհանուր առմամբ ձերբակալվել է 430 պաղեստինամետ ակտիվիստ։ The Globe and Mail թերթի տվյալներով՝ նրանց թվում եղել է Կանադայի 12 քաղաքացի։

«Սումուդ» գլոբալ նավատորմի ներկայիս արշավը սկսվել է ապրիլին։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իրենց նպատակն է ճեղքել Գազայի իսրայելական ծովային շրջափակումը և ստեղծել մշտական ծովային հումանիտար միջանցք։ Մայիսի 18-ին իսրայելական Ynet պորտալը հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սկսել է կանգնեցնել նավատորմի նավերը միջազգային ջրերում (իսրայելական ափերից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա)։

Source: https://news.am/hy/news/1038364