Իռլանդիան մտադիր է մինչև հուլիսի կեսերը օրենք ընդունել, որը կսահմանափակի Իսրայելի կողմից օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափի ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը։ Այս որոշումն առաջ է մղվում՝ չնայած ամերիկացի մի շարք օրենսդիրների և գործարար շրջանակների դիմադրությանը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Հելեն ՄաքԷնթին։

«Մենք հետևողականորեն հանդես ենք եկել խաղաղ կարգավորման օգտին… սակայն Իսրայելի կառավարության կողմից վերջին շրջանում ձեռնարկված քայլերը, հատկապես՝ Արևմտյան ափին բնակիչների կողմից բռնության էսկալացիան, ինչպես նաև Լիբանանում շարունակվող բռնությունները, ամենայն հստակությամբ ցույց են տալիս, որ նրանք այդ ճանապարհով գնալու ցանկություն չունեն»,- լրագրողներին ասել է ՄաքԷնթին։

Իռլանդիայի կառավարությունը, որը Գազայում Իսրայելի գործողությունների ամենախիստ քննադատներից մեկն է, 2024 թվականի հոկտեմբերին առաջին անգամ խոստացել էր պատժամիջոցներ կիրառել իսրայելական բնակավայրերի դեմ։

Այդ ժամանակվանից ի վեր օրինագծի ընդունումը ձգձգվում էր երկկողմանի ճնշումների պատճառով. ընդդիմադիր քաղաքական գործիչները պահանջում էին արգելքը տարածել նաև ծառայությունների ոլորտի վրա, մինչդեռ միջազգային ընկերությունների լոբբիստները փորձում էին ամբողջությամբ արգելափակել նախաձեռնությունը։

Օրենքի կիրառման սահմանափակումը բացառապես ապրանքային սեկտորով կազդի օկուպացված իսրայելական տարածքներից ներմուծվող միայն փոքր թվով ապրանքատեսակների վրա (օրինակ՝ մրգեր), որոնց ընդհանուր արժեքը տարեկան կազմում է ընդամենը մոտ 200,000 եվրո։ Գործարար համայնքի ներկայացուցիչները նախկինում զգուշացրել էին, որ փաստաթղթում ծառայությունների ավելի լայն կատեգորիայի ներառումը կարող է օտարերկրյա անդրազգային կորպորացիաներին ներքաշել անիրագործելի պատժամիջոցների ռեժիմի մեջ։

Source: https://news.am/hy/news/1038536