Ինձ չափազանց զարմացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հայտարարությունն այն մասին, թե հարցումներից մեկի տվյալներում ինքը տեսնում է «Միասնության թևեր» կուսակցությանը խորհրդարան անցնելու շեմը հաղթահարած ուժերի ցուցակում միտումնավոր ներկայացնելու ձգտում։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, որը գլխավորում է «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
Նա զարմանք է հայտնել, որ ընդդիմությունն այդքան ժամանակ ունի այլ ընդդիմադիրների, առավել ևս՝ շեմը հաղթահարող ուժի հասցեին նման հայտարարություններ անելու համար։ «Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը նման հայտարարություն անում։ Չէ՞ որ դա վնասում է քաղաքական ուժին։ Այսինքն՝ Սամվել Կարապետյանը չի՞ ցանկանում, որ մենք անցնենք խորհրդարան այն պայմաններում, երբ մենք հաղթահարում ենք շեմը», — հարցրել է Թաթոյանը։
Նա պարզաբանել է, որ ցանկանում է, որպեսզի իրական ընդդիմադիրներն առավելագույն թվով ձայներ հավաքեն և անցնեն խորհրդարան, քանի որ դա կբխի պետության շահերից։ Քաղաքական գործիչն անընդունելի է անվանել Կարապետյանի հայտարարության ձևն ու տոնը՝ հավելելով, որ ինքը երբեք որևէ ընդդիմադիրի չի վիրավորել։ Նրա գնահատմամբ՝ երբ Կարապետյանը խոսում է այս ընտրություններում չորս բևեռների մասին, դա ազդեցության գոտիների բաժանում է, և նման տրամաբանությունն անընդունելի է, քանի որ այդ դեպքում ընտրությունները ստանում են իշխանական լծակների ու իշխանության ռեսուրսների համար պայքարի տրամաբանություն։ «Պարտադի՞ր է, որ ընտրություններում խոսքը գնա փողի և ինչ-որ բևեռներ ձևավորելու մասին։ Ժողովրդավարությունը ոչ թե ռեսուրսների կամ իշխանական լծակների համար պայքարի մասին է, այլ գաղափարների և այն մասին, թե ինչպես կառավարել երկիրը։ Հայաստանում սովորաբար ռեսուրս են անվանում ճնշումները, փողը և այլն, բայց ռեսուրս է նաև մարդկային կապիտալը, պրոֆեսիոնալիզմը», — նշել է Թաթոյանը։
Նա ամենակարևորն է համարել Հայաստանի բևեռի առաջմղումը՝ հավելելով, որ այս ընտրությունները պետականության մասին են, և մատնանշել է տրամաբանությունը փոխելու անհրաժեշտությունը։ «Այս ընտրություններում պետք է հաղթի պետականությունը, մենք գտնվում ենք պետականությունը պահպանելու եզրին։ Պաշտոնական քարոզարշավի սկզբից ի վեր մենք ընդդիմությանը չենք քննադատել», — ընդգծել է վարչապետի թեկնածուն։
«Միասնության թևեր»-ի առաջնորդի խոսքով՝ այն հայտարարությունը, թե Ռուսաստանը տնտեսական միջոցներով փորձում է աջակցել Հայաստանում իր թեկնածուին, վերաբերում էր Սամվել Կարապետյանին։ «Նա ունի Ռուսաստանի քաղաքացիություն, բիզնեսի մի մասը Ռուսաստանում է, դա ակնհայտ փաստ է։ Ինձ համար ընդունելի չէ, որ Ռուսաստանը մեզ համարում է կախյալ երկիր, մեզ չի դիտարկում որպես հավասար գործընկեր։ Ներկայիս իշխանությունների քաղաքականությունն ուժեղացրել է տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, որը ճնշում է գործադրում մեզ վրա՝ իր հարցերն առաջ մղելու համար։ Ռուսամետ և եվրոպամետ կողմնորոշումները դարձել են ներքին պայքարի գործիք։ Սրանք վիրավորանքներ չեն, սրանք փաստեր են, ես փաստերն եմ արձանագրում», — նշել է Արման Թաթոյանը։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանից կախվածությունը միանշանակ պետք է նվազեցնել, մեկ երկրից կախվածություն չպետք է լինի։ Միևնույն ժամանակ ընդդիմադիր գործիչն ընդունել է, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները հեշտ չեն, դրանք բարդ են։ «Մենք հարցեր ունենք Լեռնային Ղարաբաղի թեմայով, Ջերմուկի վրա ադրբեջանցիների հարձակման թեմայով։ Ինչպե՞ս ստացվեց, որ Ռուսաստանը չմիջամտեց, և Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգությունը չապահովվեց։ Սա ներկայիս իշխանության քաղաքականության ձախողման արդյունքն է։ Այդուհանդերձ, մենք իրավունք չունենք խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մենք չպետք է զարգացնենք հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ ընդդեմ Ռուսաստանի, և հակառակը։ Մենք պետք է աշխատենք հանուն Հայաստանի շահերի։ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շրջանակներում պետք է հայտարարել դրանք զարգացնելու պատրաստակամության մասին, ինչպես նաև ազնվորեն հայտնել ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու մտադրության մասին», — պարզաբանել է Արման Թաթոյանը։
Ինչպես նկատել է նախկին օմբուդսմենը, թե՛ հարցումները, թե՛ քաղաքացիների հետ շփումներն իրեն վստահություն են տալիս, որ «Միասնության թևեր» կուսակցությունը կհաղթահարի խորհրդարան անցնելու շեմը, և այժմ աշխատանք է տարվում առավելագույն թվով ձայներ հավաքելու ուղղությամբ։ «Ինչ վերաբերում է մյուս հարցմանը՝ ամերիկյան IRI կենտրոնի հարցմանը, ապա այն իշխանամետ էր։ Այս կենտրոնը, իմ հավաստի տվյալներով, պետք է հրապարակեր իշխանության վարկանիշը։ Ինչո՞ւ չհրապարակեց»,— հավելել է նա։ Արման Թաթոյանն ընդգծել է, որ հարցումն իրականացրած մարդիկ վստահություն չեն ներշնչում և չեն արտացոլում հասարակության ցանկությունները։
Նրա գնահատմամբ՝ իշխանություններն ամենալկտի ձևով ուրախանում են Հայաստանի դեմ Ռուսաստանի քայլերի համար, քանի որ դա օգտագործում են Մոսկվայի նախընտրած թեկնածուների դեմ պայքարելու նպատակով, թեև արդյունքում տուժում են ֆերմերներն ու գործարարները։
«Մեր խնդիրները կլուծվեն այն ժամանակ, երբ մենք առաջնորդվենք մեր շահերով։ Ես ասել էի, որ եթե ուզում ենք, որ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ հաղթաթղթեր չունենա, սպա Հայաստանի նախկին նախագահներից ոչ մեկը չպետք է առաջադրի իր թեկնածությունը։ Հիմա նա կրկին քարոզչությունը կառուցում է «նախկինների» ու «ներկաների» հռետորաբանության վրա, թեև հենց ինքն էլ հենց նախկին է։ Ես նաև ասել էի, որ ընտրություններին Ռուսաստանի նախընտրած թեկնածուի մասնակցության դեպքում Փաշինյանը քարոզչությունը կառուցելու է այն դիրքերից, թե ինքը Հայաստանի փրկիչն է, և աշխատելու է Ռուսաստանի դեմ՝ իրեն ներկայացնելով որպես եվրոպամետ, ամերիկամետ թեկնածու։ Իշխանություններն ամբողջ ընդդիմությանը անվանում են գործակալներ ու լրտեսներ», — հայտարարել է քաղաքական գործիչը։ Արման Թաթոյանը պարզաբանել է, որ իշխանությունն ունի երեք քաղաքական հենասյուն («նախկինների», եկեղեցու և ռուսների թեմաները), և եթե զրկենք նրան այդ հենասյուներից, ապա այն կփլուզվի։
Ինչպես հայտարարել է Թաթոյանը, Հայաստանում գործում են ադրբեջանական պրոքսի իշխանություններ։ «Եթե այսպես շարունակվի, ապա Ալիևը շուտով ինքն էլ կգա այստեղ՝ Նիկոլ Փաշինյանի օգտին քարոզելու», - ընդգծել է նա։
«Միասնության թևեր»-ի առաջնորդը վստահեցրել է, որ ինքը չի ներկայացնում որևէ արտաքին ուժ։ «Ցո՛ւյց տվեք, թե թեկնածուներից ով է եղել պետական պաշտոնի և ծրագիր իրականացրել առանց ձախողումների։ Կա՛մ առնչություն չեն ունեցել, կա՛մ էլ, եթե ունեցել են, ապա ամեն ինչ ձախողել են։ Այն ամենը, ինչ ես ձեռնարկել եմ, հաջողությամբ հասցրել եմ ավարտին», — եզրափակել է նա։
Source: https://news.am/hy/news/1038159
Armenia
Ինձ շատ է զարմացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի հայտարարությունը․ Արման Թաթոյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։