Ինդոնեզական ձկնորսական գյուղերից մեկում՝ հենասյուների վրա կառուցված տան տակ, արկ է պայթել, որը, ենթադրաբար, մնացել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից։ Դրա հետևանքով հինգ մարդ է զոհվել, մոտ 20-ն էլ վնասվածքներ են ստացել։

Ըստ Kompas TV հեռուստաալիքով հեռարձակված կադրերի՝ պայթյունն ուղեկցվել է հրագնդի արտանետմամբ, որից հետո թանձր ծխի սյուն է բարձրացել։ Ինը տուն ամբողջությամբ ավերվել է։

«Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ պայթյունի աղբյուրը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած ռումբ կամ ականանետի արկ»,- Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է Պապուայի ոստիկանության ներկայացուցիչ Չայո Սուկարնիտոն։

Երեք մարդ առ այսօր համարվում է անհայտ կորած, սակայն Սուկարնիտոն նշել է, որ մարմնի մի շարք մասեր դեռևս պետք է նույնականացվեն։

Ըստ նրա՝ թեթև վնասվածքներ ստացած առնվազն 19 մարդ բժշկական օգնություն է ստացել։

Source: https://news.am/hy/news/1040063