Ղարաբաղցիների Ղարաբաղ վերադարձի հիմա իրատեսական չէ, կարծում եմ՝ մենք պետք է բանակցենք այս ժողովրդի վերադարձի իրավունքի համար։ Դա մարդասիրական հարց է, որը երաշխավորված է միջազգային իրավունքով, և ոչ ոք չի կարող խուսափել դրանից։ Այսօր այդ բաժանումները շատ խորն են։ Այս մասին Nouvelles d’Arménie-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Հեշտ է բանակցել և ֆիքսել վերադարձի իրավունքի հարցը, բայց չեմ կարծում, որ որևէ մեկը կվերադառնա առանց անվտանգության երաշխիքների։ Ահա թե ինչի վրա պետք է կենտրոնացնենք մեր երկրորդ քայլը։ Հնարավո՞ր կլինի դրան հասնել։ Չգիտեմ, բայց ամենավատը չփորձելն է, և նրանք դա չեն անում։

Եթե Հայաստանի կառավարությունը կարծում է, որ ղարաբաղցիները չպետք է վերադառնան, ապա նրանց պարտականությունն է զբաղվել, որ նրանք կարողանան ստանալ իրենց կորցրած գույքի փոխհատուցումը։ Բայց նրանք դա չեն անում»,–ասել է նա։

Անդրադառնալով Սփյուռքի հետ հարաբերություններին, Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Սփյուռքով և առանց նրա Հայաստանը բոլորովին այլ կշիռ ունի։ Այստեղ ապրում է մոտ 3 միլիոն մարդ, 3 միլիոնից պակաս, և արտասահմանում կրկնակի ավելի շատ։ Հիմարություն կլիներ չօգտագործել սա՝ Հայաստանը տնտեսապես և քաղաքականապես ամրապնդելու համար։ Այդ մարդիկ լիովին ինտեգրված են այն երկրներում, որտեղ ապրում են. նրանք կարող են զգալի աջակցություն ցուցաբերել բազմաթիվ ձևերով։ Եվ նրանք նաև զբոսաշրջության աղբյուր են։

Ես զգալիորեն բարելավել եմ Հայաստանի և սփյուռքի միջև հարաբերությունները իմ պաշտոնավարման ընթացքում։

Նախկինում այդ հարաբերությունները որոշ չափով լարված էին Տեր-Պետրոսյանի և Դաշնակցության միջև վատ հարաբերությունների պատճառով։ Ոմանք այստեղ բանտարկված էին, իսկ մյուսներին արգելվում էր մուտք գործել երկիր։ Սա նման է այն բանին, ինչ անում է Փաշինյանն այսօր։ 1998 թ․-ին մենք նոր էջ բացեցինք սփյուռքի հետ մեր հարաբերություններում։ Մի շարունակական գործընթաց, որն արմատավորվել է իմ պաշտոնավարման տասը տարիների ընթացքում։

Մենք մեկնարկեցինք Հայաստան-Սփյուռք համաժողովներ, համահայկական նախաձեռնություններ, մարզական միջոցառումներ և համահայկական մշակութային փառատոններ։ Աճեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի թիվը՝ սփյուռքի մասնակցությամբ իրականացվող, մենք ստեղծեցինք տարբեր մասնագիտական միություններ․․․ Այդ ժամանակ Հայաստանում զգալի ներդրումներ եղան։ Չեմ հիշում ճշգրիտ թվերը, բայց դա զգալի գումար էր։ Ես հպարտ եմ այն ​​ամենով, ինչին հասել եմ սփյուռքի հետ իմ հարաբերություններում այդ ժամանակահատվածում»։

Քոչարյանը նկատեց, որ չի կարելի ասել, որ սփյուռքը մեզ այստեղ միայն ներդրումների համար է պետք. «Միջավայրը պետք է նպաստավոր լինի։ [Իմ ժամանակ] մարդիկ այստեղ էին գալիս գումար ներդնելու և տարբեր տեսակի բիզնեսներ ստեղծելու համար։ Օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանը հնարավոր եղավ պարոն Էռնեկյանի հետ իմ անձնական հարաբերությունների շնորհիվ։ Ես կարող եմ այսպիսի բազմաթիվ նախագծեր նշել. «Թումո»-ն՝ ամերիկացի ներդրողների հետ իմ կապերի շնորհիվ։ Այստեղի միջավայրը շատ բարենպաստ էր։ Եվ ես կարող եմ շատ այլ անուններ նշել։

Հիշում եմ, թե ինչպես, դա 2001 կամ 2002 թվականն էր, հայտարարեցի, որ հայկական սփյուռքի յուրաքանչյուր անդամ, ով ունի ֆինանսական միջոցներ, պետք է ունենա բնակարան կամ տուն Հայաստանում։ Իմ անձնական հարաբերությունների շնորհիվ ես համոզեցի Միացյալ Նահանգներում շատ հայտնի մի նշանավոր հայի այստեղ տուն կառուցել, և երբ մարդիկ տեսան դա, շատ ուրիշները հետևեցին նրան։

Այդ ներդրումները երաշխավորված կլինեն։ Դրանք երաշխավորված էին։ Եվ իմ տասը տարվա իշխանության ընթացքում սփյուռքից ոչ մի մարդ այստեղ չհանդիպեց որևէ խնդրի»։ Հարցին՝ Սփյուռքը պետք է ուղղակիորեն ներգրավվա՞ծ լինի խորհրդարանում՝ իր անդամների կողմից, երկրորդ նախագահն արձագանքել է. «Մենք սահմանադրական սահմանափակումներ ունենք քաղաքացիության առումով՝ կառավարության կամ խորհրդարանի անդամների համար։ Անհրաժեշտ է լինել Հայաստանի քաղաքացի։ 1998 թ․-ից հետո մենք իրականացրեցինք սահմանադրական բարեփոխումներ և վերացրեցինք երկքաղաքացիության սահմանափակումները։ Սփյուռքի բոլոր անդամները այժմ կարող են ունենալ Հայաստանի քաղաքացիություն՝ բացի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի կամ այլ երկրի քաղաքացիությունից։

Սակայն երկքաղաքացիությունը որոշ չափով զգայուն հարց է։ Այս երկիրը փոքր երկիր է, և երկքաղաքացիության փաստը կառավարությունում կամ որոշ նախարարություններում կարող է հանգեցնել օտարերկրյա պետությունների քաղաքական ազդեցության կասկածների։ Մենք պետք է զգուշորեն մոտենանք այս թեմային. պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բոլորին միավորենք՝ առանց ներքին պառակտումները սրելու»։

Խոսելով կառավարման համակարգի մասին, նա նշեց, որ ինքը նախընտրում է կիսանախագահական համակարգը, որը եղել է իր նախագահության տարիներին. «Բայց դա պահանջում է հասնել կոնսենսուսի քաղաքական գործընթացում։ Խորհրդարանական համակարգը խրախուսում է բանավեճը, բայց այն մեծապես կախված է կուսակցությունների թվից և ժողովրդավարական գործընթացներ ու ներքին ընթացակարգեր հաստատելու ունակությունից։ Մեր քաղաքական համակարգը բավականին խնդրահարույց է այս առումով։ Մենք մեկ-երկու նման ավանդույթներով խոշոր կուսակցություններ ունենք։

Այս քաղաքական մշակույթի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ է ստեղծում խորհրդարանում։ Ահա թե ինչու ես կարծում եմ, որ մեզ համար ավելի լավ է ունենալ կիսանախագահական համակարգ, նախագահ, այլ ոչ թե այն, ինչ ունենք հիմա։ Յուրաքանչյուր համակարգ ունի իր առավելություններն ու թերությունները. ամեն ինչ միշտ կախված է նրանից, թե ինչ տեսակետ ունեք։ Ամենակարևորը իշխանությունների հավասարակշռությունն է, և պարզ է, որ այս կառավարությունն անսահմանափակ ազդեցություն ունի դատական ​​համակարգի վրա։

Բայց կրկնում եմ, սրանք զգայուն հարցեր են, և մենք պետք է դրանք քննարկենք ուրիշ քաղաքական ուժերի հետ»։

Source: https://news.am/hy/news/1035452