Հետաքննությունների դաշնային բյուրոն 200 հազար դոլարի չափով պարգև է հայտարարել այնպիսի տեղեկության համար, որը կօգնի ձերբակալել ամերիկյան հակահետախուզության նախկին աշխատակից Մոնիկա Ուիթին, որը մեղադրվում է հօգուտ Իրանի լրտեսություն անելու մեջ:
Ինչպես հայտնել են Վաշինգտոնի ՀԴԲ գրասենյակից, դեռևս 2019 թվականի փետրվարին դաշնային մեծ ժյուրին Ուիթին մեղադրանք է առաջադրել։ Քննության վարկածով՝ նա Իրանի իշխանություններին ԱՄՆ ազգային պաշտպանությանն առնչվող գաղտնի տեղեկություններ է փոխանցել։
Մոնիկա Ուիթը 1997-2008 թվականներին ծառայել է ԱՄՆ Ռազմաօդային ուժերում, իսկ այնուհետև՝ մինչև 2010 թվականը, աշխատել է որպես ամերիկյան կառավարության կապալառու: Այդ ընթացքում նա հասանելիություն է ստացել SECRET և TOP SECRET մակարդակի նյութերին, ներառյալ՝ ծածկագրի տակ աշխատող ամերիկյան հետախուզության աշխատակիցների իսկական անունները։
ՀԴԲ տվյալներով՝ 2013 թվականին Ուիթը տեղափոխվել է Իրան։ Քննությունը համարում է, որ դրանից հետո նա Թեհրանին է փոխանցել գաղտնի տեղեկություններ, որոնք վտանգել են ԱՄՆ գաղտնի ծրագրերը, ինչպես նաև արտերկրում գտնվող ամերիկյան աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների անվտանգությունը: Բացի դրանից, ըստ մեղադրանքի, նա օգնել է Իրանի իշխանություններին տեղեկություններ հավաքել իր նախկին գործընկերների մասին։
ՀԴԲ-ում հայտարարում են, որ Ուիթի գործողությունները նպաստել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործունեությանը, որին Վաշինգտոնը մեղադրում է հետախուզական գործունեություն ծավալելու, անհամաչափ գործողություններ վարելու և ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված կազմակերպություններին աջակցելու մեջ:
Չնայած առաջադրված մեղադրանքներին՝ Մոնիկա Ուիթը շարունակում է մնալ ազատության մեջ: ՀԴԲ-ն շարունակում է նրա հետախուզումը և կոչ է անում բոլոր նրանց, ովքեր տեղեկություններ ունեն նրա գտնվելու վայրի մասին, հայտնել բյուրոյին:
ՀԴԲ վաշինգտոնյան գրասենյակի հակահետախուզական և կիբեռնետիկական ստորաբաժանման ղեկավար Դենիել Վեժբիցկին հայտարարել է, որ Ուիթը, ըստ քննության վարկածի, դրժել է իր տված երդումը՝ անցնելով Իրանի կողմը, և հնարավոր է, որ մինչ օրս աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին: Ըստ նրա՝ ՀԴԲ-ն հույս ունի, որ Իրանի համար ներկայիս կարևոր ժամանակահատվածում կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն տեղեկություն տրամադրել, որը կօգնի ձերբակալել նրան:
Source: https://news.am/hy/news/1035768
Football
ՀԴԲ-ն 200 հազար դոլար պարգև է սահմանել Իրանի լրտեսության մեջ մեղադրվող նախկին հետախույզի մասին տեղեկությունների համար
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։