Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել անասնաբուժական և բուսասանիտարական ոլորտներում գործունեություն ծավալող հայկական ընկերություններում մայիսի 20-27-ը հայ և ռուս մասնագետների կողմից համատեղ իրականացված ստուգումների արդյունքների քննարկումը։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ՍԱՏՄ-ից:

«Ռոսսելխոզնադզոր»-ի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Շչեգլովը հայ գործընկերներին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և համատեղ աշխատանքի համար:

Ստուգումների արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կհրապարակվի օրեր անց, իսկ մինչ այդ երկու երկրների սննդամթերքի անվտանգության ոլորտները վերահսկող կառույցների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել հետևողական իրականացնել սահմանային վերահսկողական միջոցառումները և հայ արտադրողների համար արտահանման մեծագույն հարթակներից մեկը համարվող ՌԴ շուկա արտահանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները բավարարող հայկական արտադրանք։

Source: https://news.am/hy/news/1038859