Հայաստանը պետք է ազատել տականքներից, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների և Վանաձորի բնակիչների հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Քաղաքական գործիչն անդրադարձել է իր անցած ուղուն, նախագահության շրջանին Արցախում, ապա՝ Հայաստանում։

«Ինձ դիմեցին, խնդրեցին և համոզեցին գալ ու ստանձնել վարչապետի պաշտոնը։ Երկար էին համոզում։ Համաձայնեցի և պատվով կատարեցի այդ պարտականությունը։ 10 տարի Հայաստանը եղել է անվտանգության մեջ։ Տնտեսությունն աճում էր աննախադեպ տեմպերով՝ տարեկան 12 տոկոս, ՀՆԱ-ն աճեց 6 անգամ, բյուջեն՝ 8 անգամ, թոշակները 6 անգամ բարձրացան։

Հետո հեռացա՝ վստահ լինելով, որ Արցախը պաշտպանված է, Հայաստանը՝ ճիշտ ուղու վրա։ Մտքովս էլ չէր անցնում վերադառնալ, ցանկություն չկար, ինքս ինձ ասացի, որ արեցի այն, ինչ կարող էի, հիմա ազատ մարդ եմ»,- կիսվել է քաղաքական գործիչը։

Բայց եկավ 2018 թվականը։ Քոչարյանի խոսքով՝ ակնհայտ էր, որ մեծ ողբերգություն է գալիս, որ Փաշինյանն ամեն ինչ կործանելու է։

«Եվ ես չսխալվեցի։ Հիմա ես ձեզ համոզում եմ՝ տվեք ինձ հնարավորություն և լիազորություններ երրորդ անգամ անելու ամեն ինչ, որպեսզի Հայաստանը մնա հայկական և հայերի համար»,- ընդգծել է Քոչարյանը։

Source: https://news.am/hy/news/1039462