Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ մի սանտիմետր չի անցնի այլ երկրի, դա բացառված է, ինչպես որ չի եղել բոլոր նախորդ դեպքերում։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Հիշո՞ւմ եք՝ բազմաթիվ շահարկումներ կային Կիրանցի հետ կապված, բազմաթիվ շահարկումներ՝ Ոսկեպարի եկեղեցու հետ կապված։ Այսօր այդ հատվածներում սահմանազատումն արդեն ավարտված է, և փաստացի թե՛ Կիրանցի տները, թե՛ Ոսկեպարի եկեղեցին, ինչպես այն օրերին ասում էինք, այսօր էլ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում»,- ասել է Խուդաթյանը։

Նախարարի խոսքով՝ Կիրանցը և սահմանազատված մյուս բնակավայրերը պարզապես Հայաստանի ամենադինամիկ զարգացող բնակավայրերից են։

«Եվ այսօր մենք, Նոյեմբերյանի տարածաշրջան այցելելիս, անցել ենք Կիրանցով։ Ու ես չեմ կարող ասել, թե Կիրանցն ապրում է սովորական կյանքով, որովհետև նախկինում Կիրանցի սովորական կյանքն ավելի վատն էր։ Հիմա այն ապրում է շատ ավելի լավ կյանքով։ Կիրանցում դպրոց է կառուցվել, ամբողջությամբ նորոգվել են Կիրանցով անցնող ճանապարհները, Կիրանցում պետական ֆինանսավորմամբ բազմաթիվ տներ են կառուցվում»,- պատմել է նա։

Source: https://news.am/hy/news/1039584