Վերջին տարիներին իշխանության կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հնչող հիմնական մեղադրանքներից մեկն այն է, թե իբր Եկեղեցին և եկեղեցականները «քաղաքականությամբ են զբաղվում»։ Այս մեղադարնքը գործի է դրվում ամեն անգամ, երբ Եկեղեցին խոսում է ազգային արժանապատվության, Արցախի, պետականության, բարոյականության, ընտանիքի, ինքնության կամ հասարակական ճգնաժամերի մասին։
Իսկ ո՞վ է իրականում քաղաքականությամբ զբաղվում։
Եկեղեցու խոսքը քաղաքականություն չէ միայն այն պատճառով, որ այն վերաբերում է ազգային ու հանրային կյանքին։ Եկեղեցին պատմության ամբողջ ընթացքում խոսել է ժողովրդի ցավի, ազգային փորձության, արդարության և բարոյական պատասխանատվության մասին։ Դա կուսակցական գործունեություն չէ, այլ հովվական առաքելություն։ ՀՀ Սահմանադրությունն էլ ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։
Իսկ հիմա նայենք իրականությանը։ Այն հոգևորականները, ովքեր կարգալույծ են արվել կամ իրենք իրենց դուրս են դրել Եկեղեցուց ու եկեղեցու կանոնական կյանքից, այսօր իրենց հրապարակային ելույթներում, հարցազրույցներում և սոցցանցային գրառումներում հանդես են գալիս ոչ թե հոգևոր-քարոզչական խոսքի ու պատգամների, այլ գործող իշխանության քաղաքական թեզերի տարածողներ, որոնցով էլ պատրաստվում են «բարեփոխել» Եկեղեցին։ Նրանց խոսքը «զարմանալիորեն» համընկնում է իշխանության քարոզչական բառապաշարի ու թեզերի հետ՝ նույն մեղադրանքները, նույն թիրախները, նույն ձևակերպումները, նույն փորձը՝ Եկեղեցու նվիրապետական կարգը ներկայացնելու իբրև «բարենորոգման» խոչընդոտ։
Եվ այստեղ է բացահայտվում հիմնական կեղծիքը։
Երբ Եկեղեցին պաշտպանում է իր կանոնական կարգը, իր ինքնավարությունը, իր ժողովրդի հոգևոր իրավունքները, նրան մեղադրում են քաղաքականության մեջ։ Բայց երբ Եկեղեցուն դավաճանած կամ կարգալույծ անձինք հրապարակայնորեն պաշտպանում են իշխանության օրակարգը, կրկնում են վարչապետի և իշխող թիմի թեզերը, հարձակվում են Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա, նրանց չեն ասում՝ «քաղաքականությամբ եք զբաղվում»։ Ընդհակառակը՝ նրանց տալիս են հարթակ, լսարան, մեդիա աջակցություն և դարձնում են հակաեկեղեցական քարոզչության «հոգևոր» դեկորացիա։ Խնդիրն այն է, որ իշխանությունը ուզում է միայն իրեն հարմար եկեղեցական քաղաքականացում։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի նախընտրական ծրագրում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերաբերող առանձին բաժին հայտնվեց։ Ծրագրում խոսվում է Եկեղեցու «բարենորոգման» մասին, նշվում է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում», Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, նոր կանոնադրություն և նոր Կաթողիկոսի ընտրություն։ Նույն ծրագրում ասվում է, թե այդ օրակարգը ծառայում է «Եկեղեցին քաղաքականությունից դուրս բերելու» նպատակին։
Բայց սա տրամաբանական անհեթեթություն է։ Եթե կուսակցությունը իր նախընտրական ծրագրում գրում է, թե ով պետք է հեռանա Եկեղեցու նվիրապետությունից, ինչպես պետք է փոխվի Եկեղեցու ներքին կարգը, ինչպիսի կանոնադրություն պետք է ընդունվի և երբ պետք է ընտրվի նոր Կաթողիկոս, ապա սա ի՞նչ է, եթե ոչ քաղաքական միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին։
Եկեղեցուն քաղաքականացվածության մեջ մեղադրող իշխանությունն ինքն է Եկեղեցին դարձրել նախընտրական օրակարգի մաս։
Իշխանությունը փորձում է հանրությանը համոզել, թե պայքարում է «քաղաքականացված Եկեղեցու» դեմ։ Իրականում պայքարը Եկեղեցու քաղաքականացման դեմ չէ, այլ՝ Եկեղեցուն լռեցնելը։ Որովհետև եթե հարցը սկզբունքային լիներ, ապա նույն չափանիշը կկիրառվեր բոլորի նկատմամբ։ Այդ դեպքում պետք է ասվեր նաև՝ իշխանություններին միացած եկեղեցականների քաղաքական քարոզչությունը նույնպես անընդունելի է, եկեղեցական բառապաշարով իշխանության օրակարգ տարածելը նույնպես քաղաքականացում է, սքեմի կամ նախկին սքեմի հեղինակությամբ կուսակցական թեզեր սպասարկելը նույնպես քաղաքական գործառույթ է։
Բայց այդպես չի արվում։ Ինչո՞ւ։ Որովհետև իշխանության համար խնդիր չէ եկեղեցականի քաղաքական խոսքը։ Խնդիր է միայն այն եկեղեցականի խոսքը, որը չի ծառայում իշխանությանը։
Այս ամբողջ գործընթացի մեջ կա վտանգավոր շերտ։ Երբ պետությունը կամ իշխող ուժը սկսում է տարբերակել «լավ» և «վատ» եկեղեցականների՝ ոչ թե կանոնական կարգի, հոգևոր վաստակի կամ հավատարմության չափանիշով, այլ քաղաքական հնազանդության սկզբունքով, դա արդեն պետական միջամտության անընդունելի պրակտիկա է։ Այդ պահից եկեղեցականը դադարում է դիտվել իբրև հոգևոր սպասավոր և վերածվում է քաղաքական գործիքի։ Իսկ գործիքի ճակատագիրը միշտ նույնն է՝ օգտագործվել, սպառվել և մոռացվել։
Ի վերջո, քաղաքականությամբ զբաղվում է ոչ թե Եկեղեցին, որը պաշտպանում է իր կանոնական կարգը, այլ այն իշխանությունը, որը փորձում է Եկեղեցու ներսում գտնել իրեն հարմար «բարենորոգիչներ» և հոգևորականի դիմակով քաղաքական քարոզիչներ։
Խնդիրը ոչ թե Եկեղեցու քաղաքականացումն է, այլ իշխանության կողմից Եկեղեցու ենթարկեցման փորձը։ Եվ դրա համար էլ պետք է շատ հստակ ասել՝ Եկեղեցուն քաղաքականության մեջ ներքաշում են հենց նրանք, ովքեր ամենաբարձրն են աղաղակում, թե ուզում են Եկեղեցին «քաղաքականությունից դուրս բերել»։
Source: https://news.am/hy/news/1038430
Armenia
Հակաեկեղեցական քարոզչության «հոգևոր» դեկորացիաները
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։