Երկուշաբթի Ֆլորիդա նահանգը դատական հայց է ներկայացրել OpenAI ընկերության և նրա գլխավոր գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի դեմ։ Հայցում նշվում է, որ ընկերությունը խեղաթյուրել է փաստերն իր ChatGPT հարթակի անվտանգության վերաբերյալ, որն, ըստ հայցվորների հայտարարության, վնաս է հասցնում երեխաներին՝ տեղեկություններ տրամադրելով դպրոցական հրաձիգներին, հրահանգներ տալով ինքնավնասման վերաբերյալ և կախվածություն առաջացնելով երիտասարդ օգտատերերի շրջանում, հաղորդում է Reuters-ը։
Ֆլորիդայի գլխավոր դատախազ, հանրապետական Ջեյմս Ուտմայերը հայցը ներկայացրել է Ֆլորիդայի նահանգային դատարան՝ դարձնելով այն առաջին նահանգը, որը դատական գործընթաց է սկսել ընկերության դեմ։ Փաստաթղթում հիշատակվում է անցյալ տարի Թալահասիի համալսարանում տեղի ունեցած հրաձգությունը, ինչպես նաև մի շարք միջադեպեր այլ նահանգներում, որտեղ ChatGPT-ն, ինչպես նշվում է, տեղեկություններ է տրամադրել այն անձանց, որոնք հետագայում բռնության գործողություններ են իրականացրել։
Մամուլի ասուլիսի ժամանակ Ուտմայերը հայտարարել է, որ նահանգը Ալթմանին ենթարկել է անձնական պատասխանատվության, քանի որ վերջինս «առանցքային դեր» է խաղացել ChatGPT-ի որոշ գործառույթների ներդրման գործում, որոնք, դատախազի կարծիքով, ամենավնասակարն են եղել։
«Մարդիկ տառապում են, ծնողներին մոլորության մեջ են գցում, և նրանք [ընկերության ղեկավարությունը] պետք է վճարեն դրա համար»,- լրագրողներին հայտարարել է Ուտմայերը։
Ըստ Ուտմայերի՝ հայցով պահանջվում է մինչև միլիարդավոր դոլարների չափով վնասի փոխհատուցում, ինչպես նաև դատական կարգադրություն, որն ընկերությանը կպարտավորեցնի փոխել անչափահաս օգտատերերի հետ փոխգործակցության սկզբունքները։
OpenAI-ի ներկայացուցիչը անմիջապես չի արձագանքել մեկնաբանություն ստանալու հարցմանը։
Ավելի վաղ OpenAI-ում հայտարարում էին, որ իրենք մարզում են իրենց մոդելները՝ մերժելու այն հարցումները, որոնք կարող են «նպաստել բռնությանը», և ծանուցում են իրավապահ մարմիններին, եթե երկխոսությունների բովանդակությունը մատնանշում է «ուրիշներին վնաս հասցնելու անխուսափելի և հավաստի ռիսկ»՝ սահմանային դեպքերը գնահատելու համար ներգրավելով հոգեկան առողջության ոլորտի փորձագետների։
Ապրիլին Ուտմայերը հայտարարել էր քրեական հետաքննություն սկսելու մասին՝ պարզելու ChatGPT-ի դերը 2025 թվականին Ֆլորիդայի նահանգային համալսարանում տեղի ունեցած զանգվածային հրաձգության մեջ, երբ դատախազներն ուսումնասիրել էին ենթադրյալ հրաձիգի և ծրագրի միջև չատերի գրառումները։
Արհեստական բանականության ոլորտում գործող ընկերությունները բախվում են դատական հայցերի աճող ալիքի։ Հայցվորները մեղադրում են նրանց չատ-բոտերի հետ այնպիսի փոխգործակցությունը կանխելու անկարողության մեջ, որն, ըստ նրանց, նպաստում է ինքնավնասմանը, հոգեկան խանգարումների զարգացմանը և բռնությանը։
OpenAI-ը միաժամանակ որպես պատասխանող է հանդես գալիս մի հայցով, որը ներկայացրել է Ֆլորիդայի նահանգային համալսարանի հրաձգության ժամանակ զոհված տղամարդու ընտանիքը։ Դրանում նշվում է, որ ChatGPT-ն օգնել է հարձակվողին պլանավորել ահաբեկչությունը։
Բացի դրանից, ապրիլին Կանադայի պատմության մեջ ամենազանգվածային գնդակահարություններից մեկի զոհերի ընտանիքների անդամները մի շարք համատեղ հայցեր են ներկայացրել OpenAI-ի և Ալթմանի դեմ։ Նրանք պնդում են, որ ընկերությունը ողբերգությունից ութ ամիս առաջ իմացել է, որ հրաձիգը հարձակում էր ծրագրում ChatGPT-ի օգնությամբ, սակայն չի զգուշացրել ոստիկանությանը։
Source: https://news.am/hy/news/1040112
OpenAI
Ֆլորիդան դատի է տվել OpenAI-ին և Ալթմանին՝ ընկերությանը մեղադրելով երեխաներին վնասելու և հրաձիգներին օժանդակելու մեջ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։