Նիկոլ Փաշինյանի միջազգային կերպարը մեծապես կախված է Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա աշխարհաքաղաքական լարվածությունից։ Այսօր այդ բաժանումները շատ խորն են։ Այս մասին Nouvelles d’Arménie-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Նա քանդում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում։ Նրանք լիովին աջակցում են նրան։ Սա է հիմնական պատճառը։
Տասը տարի առաջ անհնար էր պատկերացնել նման աջակցություն այն առաջնորդներին, որոնք գործում են այնպես, ինչպես Փաշինյանը Հայաստանում՝ իր ընդդիմության կամ եկեղեցու նկատմամբ։
Սա պարզապես աշխարհաքաղաքական խաղ է, որը հիմնված է եվրոպական քաղաքական շրջանակներում տարածված այն տրամաբանության վրա, թե այն, ինչ վնասում է Ռուսաստանին, օգտակար է իրենց համար։
Այսօր եվրոպացիները նաև ակտիվորեն միջամտում են Հայաստանի ներքին գործընթացներին։
Նրանք պատրաստվում են ֆինանսավորում տրամադրել Հայաստանին՝ ընտրական գործընթացների համար։ Միաժամանակ հայտարարում են, թե Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում։
Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ իրենք ի՞նչ են անում»,–ասաց նա։
Անդրադառնալով պնդումներին, որ իրեն և Սամվել Կարապետյանին համարում են «Մոսկվայի մարդի», իսկ ինքն անձամբ Պուտինի մտերիմ ընկերն է համարվում, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Լա՛վ, ի՞նչ կարող եմ ասել։
Մի՞թե վատ բան է ընկերական հարաբերություններ ունենալ մի հսկայական երկրի ղեկավարի հետ, որը Հայաստանի համար այսօր մեծ տնտեսական հնարավորություններ է ստեղծում։
Ես կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարի համար լավ է ունենալ աշխատանքային և վստահելի հարաբերություններ պարոն Պուտինի հետ։
Պուտինը շատ կայուն մարդ է։ Նա միշտ պահել է իր խոստումները։ Նա կանխատեսելի է և, իմ կարծիքով, հուսալի գործընկեր։
Ես նաև Ժակ Շիրակի լավ ընկերն էի։ Նա նույնպես կանխատեսելի և հուսալի մարդ էր։
Խոսելով Հայաստանում արցացխիների խնդիրների մասին, երկրորդ նախագահն ասել է. «Իշխանությունները փորձում են ցույց տալ այս խնդիրները լուծելու իրենց մտադրությունը: Իրականում, բոլոր ղարաբաղցիները դժվարությունների են բախվում իրենց կյանքի յուրաքանչյուր փուլում. իշխանությունները չեն ուզում, որ ղարաբաղցիները մնան Հայաստանում, քանի որ ընտրական տեսանկյունից նրանք այն մարդիկ չեն, ովքեր կքվեարկեն Փաշինյանի օգտին:
Մենք Հայաստանում չունենք բարենպաստ ժողովրդագրական իրավիճակ և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մարդիկ այստեղ մնան: Իրավիճակը վատթարանում է Հայաստանից մարդկանց հեռանալու պատճառով: Սփյուռքը լավ բան է, երբ Հայաստանի ներքին իրավիճակը լավն է. սփյուռքը նաև մեծ ներդրումներ կարող է կատարել: Բայց երբ պայմանները անբարենպաստ են քաղաքացիների համար, դրանք դառնում են Հայաստանից հեռանալու ճանապարհ:
Ես վստահ եմ, որ կառավարությունը խրախուսում է ղարաբաղիցների արտագաղթը՝ ամեն քայլափոխի խոչընդոտներ ստեղծելով: Նրանք խոստանում են գումար՝ տուն գնելու համար, բայց այդ գումարը երբեք բավարար չէ: Նրանք ոչինչ չունեն, բանկերը վարկ չեն տալիս նրանց՝ իրենց իրավիճակի պատճառով, և նրանք շատ փաստաթղթերի կարիք ունեն, որոնք չունեն»։
Source: https://news.am/hy/news/1035449
Հայաստան
Ես վստահ եմ, որ կառավարությունը խրախուսում է ղարաբաղցիների արտագաղթը. Ռոբերտ Քոչարյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։