Ոչ մի հայ միայնակ չի կարող վերականգնել մեր Հայրենիքը, բայց բոլոր հայերը միասին կարող են դա անել, ուստի մենք պետք է գործենք ձեռք ձեռքի տված՝ համախմբված։ Այս մասին հունիսի 1-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Նա ընդգծել է, որ ընտրություններին մնացել է ընդամենը վեց օր, ինչի կապակցությամբ հայրենակիցներին կոչ է արել ակտիվորեն խոսել իրենց շրջապատի հետ և բացատրել ընտրական գործընթացին յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության կարևորությունը։ Նրա խոսքով՝ տանը մնալու որոշում կայացրած յուրաքանչյուր անձի ձայնն ի վերջո աշխատելու է գործող իշխանության օգտին։ «Ով չի գնում ընտրության, նրա ձայները գնում են Փաշինյանին»,- ընդգծել է ընդդիմադիր գործիչը։

Կարապետյանը նշել է, որ ընտրողների պասիվությունը երկրին զրկում է երկար սպասված փոփոխությունների հնարավորությունից։ Նա քաղաքացիներին կոչ է արել դրսևորել քաղաքացիական պատասխանատվություն, գնալ ընտրատեղամասեր և հանուն պետության ապագայի կատարել ճիշտ ընտրություն։ «Ընտրություններին մասնակցելն անհրաժեշտ է առաջին հերթին այն պատճառով, որպեսզի մեզանում փոփոխություններ տեղի ունենան, որպեսզի մեր երկիրը դադարի լինել ամենաթույլը տարածաշրջանում, և որպեսզի մենք ունենանք ուժեղ Հայաստան»,- եզրափակել է Նարեկ Կարապետյանը։

Source: https://news.am/hy/news/1039974