Այսօր՝ մայիսի 22–ին խուզարկություններ անցկացվել են նաև ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի թիմակիցների տանը, երկու հոգու ձերբակալել են, գրում է «Առավոտը»։

Նրանցից մեկը Գյումրու ավագանու անդամ Արտակ Հովսեփյանն է։ Թիմակիցներից մեկին էլ մինչև գրասենյակ հասնելը պարեկներն են հետապնդել։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 22–ի վաղ առավոտից՝ ժամը 7-ից խուզարկություններ են իրականացվում պատգամավոր Մարտուն Գրիգորյանի բնակարանում, մեքենայում, հիմա պատրաստվում են նաև խուզարկություններ իրականացնել գրասենյակներում, թիմակիցների բնակարաններում։ Նրանք առգրավվել են Մարտուն Գրիգորյանի հեռախոսը, որի իրավունքը, ըստ էության, չեն ունեցել։ Պատգամավորի նախընտրական շտաբում այս ամենը որակում են ահաբեկման փորձ, վախի մթնոլորտի ստեղծում, որին իրենք ծանոթ էին դեռ ՏԻՄ ընտրությունների ժամանակ․ նույն ձեռագիրը գործել է նաև այդ ժամանակ։

Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել են, որ Մարտուն Գրիգորյանի տանը խուզարկություններն իրականացվում են կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում:

Source: https://news.am/hy/news/1037603