2026 թվականի մայիս ամսվա ընթացքում, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ:

2 դրվագ ընտրակաշառք տալու համար մեղադրվող 1 անձի և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

3 դրվագ ընտրակաշառք տալու ու բարեգործության արգելքը խախտելու և ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 5 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

բարեգործության արգելքը խախտելու և դրան օժանդակելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

ընտրակաշառք տալու, 2 դրվագ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 1 անձի և խմբով ընտրակաշառք ստանալու համար մեղադրվող 1 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ,

ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, դրա փորձի և նախապատրաստության համար մեղադրվող 3 անձի վերաբերյալ 1 քրեական վարույթ:

1. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավարը երկու ընտրողի առաջարկել է աշխատանք, բնակարան, հողամաս և պաշտոն՝ իրենց և ընտանիքի անդամների կողմից տվյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով:

2. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամն ընտրողին բարեգործության անվան տակ խոստացված կենցաղային տեխնիկայի փոխարեն փոխանցել է գումար՝ խախտելով ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը։

3. «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը, երկու այլ անձանց հետ, խոչընդոտել և փորձել է խոչընդոտել Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների և բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը՝ նրանցից պահանջելով քվեարկել իրենց քաղաքական ուժի օգտին՝ սպառնալով բացասական վերաբերմունքով։ Նույն վարույթով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել նաև երկու դրվագ ընտրակաշառք տալու համար. նա ընտրողներին առաջարկել է պարտքի մասնակի զիջում, աշխատանքի տեղավորման և ծառայողական հարցեր լուծելու խոստումներ՝ քվեների դիմաց։

4. «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը, փաստացի իրականացնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի պատասխանատուի գործառույթները, չորս անձի տվել է ընտրակաշառք՝ իր կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ինչպես նաև, խախտելով

ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը, 200 հազար դրամ է փոխանցել մեկ քաղաքացու:

5. «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային պատասխանատուն 2 քաղաքացու տվել է ընտրակաշառք, երկու անձի շահագրգռել է մասնակցել 2026 թվականի ապրիլի 17-ին կայացած հավաքին՝ խոստանալով սննդամթերքի տեսքով նյութական օգնություն:

Source: https://news.am/hy/news/1039582