Չինաստանի իշխանությունները բացարձակապես անընդունելի են համարում ԱՄՆ ղեկավարության ցանկացած շփում Թայբեյի վարչակազմի հետ։ Ինչպես հայտարարել է ՉԺՀ Պետական խորհրդի Թայվանի հարցերով գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Չեն Բինհուան, չինական կողմի համար անընդունելի է նաև կղզուն տրամադրվող զենքի մատակարարումը։
«Մենք կտրականապես դեմ ենք Վաշինգտոնի և Չինաստանի Թայվան տարածաշրջանի միջև պաշտոնական շփումների ցանկացած ձևի, ինչպես նաև վճռականորեն դեմ ենք Միացյալ Նահանգների կողմից Թայվանին զենք վաճառելուն», - ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Թայբեյին ամերիկյան սպառազինություն մատակարարելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թայվանի վարչակազմի ղեկավար Լայ Ցինդեի հնարավոր երկխոսությունը։
Ինչպես հստակեցրել է պաշտոնական ներկայացուցիչը, Պեկինը պահանջում է, որ ԱՄՆ-ն հարգի «մեկ Չինաստանի» սկզբունքը և գործի ՉԺՀ-ի հետ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան։ Նա հիշեցրել է, որ ամերիկյան կողմը պետք է թայվանական հարցին մոտենա «առավելագույն զգուշավորությամբ» և «դադարի սխալ ազդակներ ուղարկել անջատողականներին»։ Չեն Բինհուայի խոսքով՝ Վաշինգտոնը պետք է «կոնկրետ գործողություններով աջակցի Թայվանի նեղուցում խաղաղությանն ու կայունությանը» և ապահովի երկու երկրների միջև հարաբերությունների կայունությունը։
Պաշտոնյան հերթական անգամ մեղադրել է կղզում իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցությանը տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու համար։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի աջակցությանն ապավինելու և ուժի միջոցով Թայվանի անկախությանը հասնելու Թայբեյի փորձերը հղի են ճգնաժամային իրավիճակի ստեղծմամբ։ Չեն Բինհուան վստահություն է հայտնել, որ սպառազինության գնումները չեն օգնի կղզուն անջատվել մայրցամաքային Չինաստանից։
Source: https://news.am/hy/news/1038690
World
Չինաստանը կտրականապես դեմ է Թայվանին զենք վաճառելուն և ԱՄՆ-ի հետ նրա շփումներին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։