Չինաստանը կնախընտրեր խուսափել Թայվանի դեմ ռազմական գործողություններից. դրա մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Թայվանը մնում է Չինաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների ամենազգայուն հարցերից մեկը:

ԱՄՆ-ը, ինչպես աշխարհի երկրների մեծ մասը, պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չունի կղզու հետ, սակայն նրա գլխավոր միջազգային դաշնակիցն է և սպառազինության խոշորագույն մատակարարը:

Այսօրվա հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զգուշացրել է, որ Թայվանի շուրջ տարաձայնությունները կարող են վտանգել երկու երկրի հարաբերությունները և հանգեցնել «բախումների ու նույնիսկ հակամարտությունների»:

«Կարծում եմ՝ Չինաստանը, հավանաբար, կնախընտրեր, որ Թայվանն ինքնակամ միանար իրեն,- Պեկինում NBC Nightly News-ի հաղորդավար Թոմ Լյամասին տված հարցազրույցում ասել է Ռուբիոն:- Իրենց համար իդեալական աշխարհում նրանք կցանկանային, որ Թայվանում տեղի ունենար քվեարկություն կամ հանրաքվե, որով որոշում կընդունվեր միանալու մասին»:

Միևնույն ժամանակ, Ռուբիոն հայտարարել է, որ Չինաստանն ուժեղացրել է ռազմական ճնշումը Թայվանի վրա՝ զինված ուժերի լայնամասշտաբ արդիականացման շրջանակներում:

«Վերջին տասը տարվա ընթացքում չինական զինված ուժերի աճի տեմպերն աննախադեպ են՝ բացարձակապես»,- նշել է Ռուբիոն:

Ըստ նրա՝ միայն ռազմածովային նավատորմի մեջ, որը, Պենտագոնի տվյալներով, արդեն ավելի շատ նավեր ունի, քան ԱՄՆ ռազմածովային ուժերը, Չինաստանը «միլիարդավոր դոլարներ» է ներդրել:

Ընդ որում, ըստ Ռուբիոյի, Պեկինը մեծացնում է ռազմական հզորությունը ոչ միայն Թայվանի պատճառով: «Կարծում եմ՝ նրանք հավակնություններ ունեն ի վերջո ուժ պրոյեկտելու ամբողջ աշխարհում այնպես, ինչպես դա անում է Միացյալ Նահանգները»,- ասել է նա:

«Այդ առումով նրանք դեռ հետ են մնում մեզնից, բայց, այնուամենայնիվ, հսկայական միջոցներ են ներդնում»,- հավելել է Ռուբիոն՝ չինական զինված ուժերն անվանելով աշխարհում հզորությամբ երկրորդը:

Source: https://news.am/hy/news/1035457