Նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ գագաթնաժողովի ընթացքում քննարկել է Իրանի պատերազմն ու Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Այս մասին հինգշաբթի օրը NBC News-ին տված հարցազրույցում հայտնել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները Պեկինից օգնություն չեն խնդրել Իրանի հարցում։ «Չինական կողմը հայտարարել է, որ իրենք չեն սատարում Հորմուզի նեղուցի ռազմականացմանը և կողմ չեն «անցավճարների» գանձման համակարգին, և դա նաև մեր դիրքորոշումն է»,- հայտարարել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը Պեկինում այն բանից հետո, երբ Թրամփը, Սի Ծինփինը և նրանց պատվիրակությունները ավելի քան երկու ժամ տևած բանակցություններ են անցկացրել։

Պեկին այցելած Ռուբիոն, որն այդ պահին գտնվում էր չինական պատժամիջոցների տակ (ինչը, ըստ ամենայնի, ԱՄՆ պետքարտուղարի առաջին նման այցն էր), ծավալուն հարցազրույցի ընթացքում նշել է, որ Թրամփն ու Սի Ծինփինը քննարկել են նաև Թայվան կղզու հարցը և Ջիմի Լայի գործը։ Վերջինս այս տարի դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման՝ ազգային անվտանգության վերաբերյալ աղմկահարույց դատավարության արդյունքում մեղավոր ճանաչվելուց հետո։

Ակնկալվում էր, որ Թրամփը Չինաստանի առաջնորդի օգնությունն է խնդրելու Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմին վերջ տալու և Հորմուզի նեղուցի շուրջ հակամարտությունը լուծելու հարցում։ Այդ նեղուցը նավագնացության կարևորագույն երթուղի է, որի փաստացի փակումը Իրանի կողմից խաթարել է էներգակիրների համաշխարհային մատակարարումները և հանգեցրել գազի գների կտրուկ աճի։

«Ինչ-որ պահի մենք ապահովագրված չենք լինի նավթի համաշխարհային գներից, քանի որ այն գնում ենք համաշխարհային շուկայում, սակայն աշխարհի մյուս երկրները շատ ավելի բարձր գին են վճարում», - ասել է Ռուբիոն՝ կոնկրետ նկատի չունենալով Չինաստանը։ - «Նրանք նույնպես պետք է մասնակցություն ունենան այս հարցում»։

Ընդ որում, Ռուբիոն նշել է, որ Թրամփը նրանից (Սի Ծինփինին) ոչինչ չի խնդրել։

«Մենք Չինաստանից օգնություն չենք խնդրում։ Մենք նրանց օգնության կարիքը չունենք»,- ասել է Ռուբիոն։

Ռուբիոն նշել է նաև, որ Թրամփն ու Սի Ծինփինը «ընդհանուր լեզու են գտել Իրանի հարցում»։

Ռուբիոն հանդես է եկել ի պաշտպանություն Թրամփի՝ շաբաթվա սկզբին արված այն հայտարարությունների, թե ինքը «ոչ մի կաթիլ» մտահոգված չէ ֆինանսական ճնշմամբ, որին բախվում են ամերիկացիները Իրանի հետ բանակցությունների ընթացքում։

«Նախագահը հստակ հասկացնում է, որ եթե իրանցիները կարծում են, թե կարող են օգտագործել մեր ներքին քաղաքականությունը և ստիպել նրան կնքել ոչ շահավետ գործարք, ապա դա տեղի չի ունենա», - ասել է նա։

Source: https://news.am/hy/news/1035439