Ակտիվիստները, որոնք Գազա օգնություն հասցնելու փորձ կատարող նավատորմի տախտակամածից բերման ենթարկվելուց հետո ազատ են արձակվել Իսրայելում կալանքից, ենթարկվել են դաժան վերաբերմունքի, հաղորդում է Reuters-ը։

Մի քանի մարդ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է, և առնվազն 15-ը հայտնել են սեռական ոտնձգությունների, ներառյալ՝ բռնաբարությունների մասին։

Գերմանիան հայտարարել է, որ իր քաղաքացիներից ոմանք վիրավորվել են, և որ որոշ մեղադրանքներ եղել են լուրջ՝ առանց հավելյալ մանրամասներ հայտնելու։

Իտալիայի իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ դատախազությունը հետաքննում է հնարավոր հանցագործությունները, ներառյալ՝ մարդկանց առևանգումը և սեռական բռնությունը։

«Սեռական բռնության առնվազն 15 դեպք, ներառյալ՝ բռնաբարություններ։ Մոտ տարածությունից կրակել են ռետինե գնդակներով։ Տասնյակ մարդիկ ունեն ոսկրային կոտրվածքներ,- թելեգրամյան ալիքում հայտնել են «Սումուդ» գլոբալ նավատորմի կազմակերպիչները։- Այն նույն ժամանակ, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է մեր մասնակիցների տառապանքներին, մենք չենք կարող չընդգծել, որ դա ընդամենը մի չնչին ակնարկ է այն դաժանության մասին, որով Իսրայելն ամեն օր վերաբերվում է պաղեստինցի պատանդներին»։

«Հնչեցված մեղադրանքները կեղծ են և ամբողջովին զուրկ փաստացի հիմքերից,- ասված է Իսրայելի բանտային ծառայության ներկայացուցչի հայտարարության մեջ։- Բոլոր կալանավորվածներն ու ձերբակալվածները պահվում են օրենքին համապատասխան, նրանց հիմնարար իրավունքների լիարժեք հարգմամբ և բանտային պրոֆեսիոնալ ու վերապատրաստված անձնակազմի հսկողության ներքո։ Բժշկական օգնությունը ցուցաբերվում է պրոֆեսիոնալ բժշկական եզրակացության և ըստ Առողջապահության նախարարության ուղեցույցների»։

Իսրայելական զինվորականները հարցումներն ուղղել են ԱԳՆ-ին, որն էլ դրանք փոխանցել է քրեակատարողական ծառայությանը։ Երեքշաբթի իսրայելական զինվորականները միջազգային ջրերում բերման են ենթարկել 50 նավերի վրա գտնվող 430 մարդու՝ Գազայի հատված հումանիտար օգնություն հասցնել փորձող կամավորների նավատորմը կանգնեցնելու համար։

Դաժան վերաբերմունքի մասին մեղադրանքները կուժեղացնեն իսրայելական իշխանությունների վրա գործադրվող ճնշումը՝ պահանջելով բացատրություններ ձերբակալվածների հետ վարվելակերպի վերաբերյալ, այն բանից հետո, երբ տեսագրությունը, որում Իսրայելի կաբինետի նախարարը բանտում ծաղրում է որոշ ակտիվիստների, միջազգային արձագանք առաջացրեց։ Իտալիան հայտարարել է, որ ԵՄ անդամները քննարկում են նախարար Իտամար Բեն-Գվիրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։

Source: https://news.am/hy/news/1037612